05 02 2020

Ապացույց ներկայացրեք, ուրիշ բան չեմ ուզում, մեկ ապացույց․ Կոստանյան․ News.am

Ապացույց ներկայացրեք, ուրիշ բան չեմ ուզում, մեկ ապացույց․ Կոստանյան․ News.am

News.am-ը գրում է․ «Մարտի 1-ի» գործով մեր իրավապահներն արդեն արել են այնպիսի ծավալուն հայտարարություններ, մեղադրական եզրակացություններ, որտեղ նշված են վկաների ցուցմունքները, անգամ վկաների անունները կան։ Այսինքն՝ նախաքննության մարմինն ինքն է հրապարակել նախաքննության այդ գաղտնիքները։ Ես պատրաստ եմ այդ քննարկումն անել նախաքննության մարմնի կողմից արդեն իսկ հրապարակված հանգամանքների եւ ապացույցների շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Նշենք, որ Կոստանյանն օրերս հայտարարություն էր տարածել, որ պատրաստ է «Մարտի 1»-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կամ  նրա  մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի եւ Գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ հրապարակային քննարկում անցկացնել, և այդ դեպքում պատրաստ է վերադառնալ Հայաստան։

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ քննարկման մասնակիցների քանակի ընտրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով․

«Վարչապետով, որը քաղաքական առումով, շուրջ 12 տարիների ընթացքում, միշտ խնդիրը հրապարակային բարձրացրել է «Մարտի 1-ի» բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ։ Կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի մասնակցությունը պարտադիր է։ Միջազգային էքսպերտներին կամ միջազգային իրավաբաններին առաջարկել եմ այն բանի համար, որ մարդիկ գան նաեւ միջազգային իրավունքի տեսակետից ներկա լինեն եւ իրենց դիրքորոշումը հայտնեն։ Եվրոպայի խորհրդից կամ Եվրոպայի միությունից ներկայացուցիչներ լինեն, ներկա գտնվեն նաեւ դեսպաններ»։

Կոստանյանն ասաց, որ այդ քննարկման հրավերն իր առաջարկությունն է, սակայն ոչ իր ընտրությունը․ «Դա իմ ընտրությունը չի, դա այս իշխանությունների մոտեցումն է։ «Մարտի 1-ի» գործն այս տարիների ընթացքում էլ, հիմա էլ Եվրոպայի խորհրդում, Եվրոպայի միությունում եւ տարբեր դեսպանների մակարդակով բարձրացվել է, այսինքն՝ այս հարցն իշխանություններն են հրապարակայնացրել ու միջազգայնացրել, հետեւաբար առաջարկում եմ՝ հարգելիներս, որտեղ միջազգայնացրել եք, ինքներդ, հենց իրենց էլ հրավիրեք։

«Սկզբունքորեն չեմ ընդունում քրեական գործերը հրապարակային քննարկելու հանգամանքը, բայց նկատի ունենալով, որ այսօրվա նախաքննության մարմինն ինքն է հրապարակայնացրել...։ Նախաքննության մարմինը մեղադրանքի որոշումներն է հրապարակայնացնում, մեղադրական եզրակացություններն է հրապարակայնացնում։ Ես էլ ասում եմ՝ քանի որ դուք ընտրել եք այդ ճանապարհը, ապա ես էլ հրավիրում եմ հրապարակային պատասխան տաք։ Երբ մեղադրանքի որոշումը հրապարակայնացնում են, դրանով իրենք հրապարակային հաշվետվողականություն են ցուցաբերում․ մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի, մեր ժողովուրդը պետք է որոշի։ Ես էլ ասում եմ՝ հրապարակային, բաց եւ թափանցիկ եկեք այդ ամենը հիմնավորելու։ Մեր հասարակությունը թող գնահատի՝ այսօրվա իշխանությունների որդեգրած մոտեցումը բաց, թափանցիկ եւ ժողովրդավարական, ապա ուզում եմ, որ դա ցույց տան նաեւ այդ ամենը իրենք նաեւ գործնականում։ Անձի մեղավորությունն ապացուցելու համար ապացույցների համակցություն է պետք։ Տղերք, ապացույց ներկայացրեք, ուրիշ բան չեմ ուզում ընդամենը մեկ ապացույց»։

Դիտարկմանը, որ եթե ինքը վերադառնա, իրեն կարող են կալանավորել, Կոստանյանն ասաց, որ դա նույնպես հաշվի առել է․

«Դա ինձ արդեն չի էլ հետաքրքրում։ Այս առաջարկն անելուց առաջ կարող էի Մոսկվայից անել հայտարարություն, հրապարակեի իմ դիրքորոշումները, ապացույցներն էլ հրապարակեի, բայց ես նախընտրեցի գալ՝ գիտակցելով, որ ինձ ազատությունից կզրկեն, ես դրան էլ եմ պատրաստ։ Թող քննարկումը լինի, ժողովուրդն այդ ամենը տեսնի, հետո ինձ կուզեն ազատությունից զրկել, թե ինչ՝ թող անեն»։

Անդրադառնալով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Գեւորգ Կոստանյանը «Մարտի 1-ի» գործով շատ ասելիք ունի նախաքննական մարմնին, Կոստանյանն ասաց․ «Նրա խոսքերը մեկնաբանելն իմ պատվից ցածր է։ Անդրանիկ Քոչարյանին ես ընդհանրապես չեմ դիտարկում որպես իրավահարաբերության սուբյեկտ»։

Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

Ավելի վաղ հայտնել էինք , որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:

Հայտարարությունից հետո ՀՔԾ-ն նույնպես տարածեց հայտարարություն, թե Կոստանյանն այդ կերպ պատրվակ է ստեղծում խուսափելու պատասխանատվությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ