21 01 2020

Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքում հրապարակված որոշումից։

ՍԴ-ի աշխատակարգային որոշման մեջ նշված է. «Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, պարզեց.

1. Դիմողը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, այն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն: Ըստ դիմողի՝ չի կարող լինել արդյունավետ արդարադատություն առանց դատական ակտերի կատարման արդյունավետ համակարգի: Ցանկացած արդարադատություն պատրանքային բնույթ է ստանում, եթե հնարավոր է դառնում չկատարել ուժի մեջ 2 մտած վերջնական դատական ակտը: Ընդ որում՝ այդպիսի չկատարումը, ըստ դիմողի, կարող է քողարկվել նաև՝ տվյալ դատական ակտը դրա բովանդակությանը հակառակ մեկնաբանելով: Դիմողը գտնում է, որ նման իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը, որը պրակտիկայում ապացուցել է իր արդյունավետությունը, դատական ակտ կայացրած դատարանի կողմից իր դատական ակտը պարզաբանելու ինստիտուտն է, որը գործում է դատավարական մյուս ճյուղերում, և որը բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում:

3. Ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) դիմողը, վկայակոչելով ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններին վերաբերող օրենսդրական կարգավորումները, թեև փաստարկել է Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պարտադիրությունը, միևնույն ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին հոդվածը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չեն կանխորոշում Սահմանադրական դատարանում որոշումների պարզաբանման պարտադիրությունը,

2) ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական բացի տեսանկյունից վիճարկելու համար դիմողը պետք է անդրադառնար Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձևավորված լայնածավալ 3 պրակտիկային և ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը՝ ի թիվս այլնի հիմնավորելով, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա իրավական բաց է:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Սահմանադրական դատարանը որոշեց.. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»:

Թեմայի առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Ինչպես պարզ դարձավ Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշումից, Ռ.Քոչարյանի ներկայացուցիչը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որպեսզի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչվեր Սահմանադրությանը հակասող:

Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նշված դիմումը մասնավորապես նշելով.

Անդրադարձ չի կատարվել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը:Անդրադարձ չի կատարված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստարկված չէ իրավական բացի առկայությունը:

Հ․Գ․ սա վկայությունն է այն բազմաթիվ փաստերի, որ ՍԴ-ի համար կողմերը նշանակություն չունեն»:    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ