20 01 2020

Վերականգնվել է ավելի քան 35 մլրդ 881 մլն ՀՀ դրամ․ խորհրդակցություն՝ Հարկադիրում

Վերականգնվել է ավելի քան 35 մլրդ 881 մլն ՀՀ դրամ․ խորհրդակցություն՝ Հարկադիրում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի գործունեության արդյունքները։ Ըստ օրակարգի` ներկայացվել են ինչպես գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի, այնպես էլ իրականացված այլ առանցքային ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ զեկույցներ։

Մասնավորապես՝ 2019 թվականին Ծառայությունը ընթացք է տվել 1 մլն 389 հազար 278 վարույթների, որոնց կատարման շրջանակում պահանջատերերի օգտին վերականգնվել է ավելի քան 35 մլրդ 881 մլն ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը՝ շուրջ 25.73%-ով:

Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 18 մլրդ 733 մլն 98 հազար ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 223 մլն 611 հազար ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 1 մլրդ 471 մլն 852 հազար ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով՝ 762 մլն 643 հազար ՀՀ դրամ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 11 հազար 647 լոտ՝ 12 մլրդ 197 մլն 727 հազար ՀՀ դրամ արժողությամբ, վաճառվել է 9762 լոտ, 3 մլրդ 62 մլն 940 հազար ՀՀ դրամ արժողությամբ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանն ընդգծել է․ «Մենք շարունակելու ենք օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների նոր գործիքակազմի ներդրման գործընթացը Ծառայությունում, և կատարողական վարույթների շրջանակում համապատասխան կառույցների հետ փոխգործակցության ակտիվացումը, որն ուղղված է լինելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Եվ, յուրաքանչյուրս պետք է հետամուտ լինենք այդ բարեփոխումների իրականացմանը, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք՝ պահպանելով օրենքի բոլոր կետերը: Սա է մեր առաքելությունը՝ լինել բացատրելի, արժանանալ քաղաքացու վստահությանը, իսկ աշխատանքը՝ ծառայեցնել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետությանն ու արդարադատության պահպանմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ