20  01  2020

ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են կարմիր գծերը. Գոհար Մելոյան․ Tert.am

ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են կարմիր գծերը. Գոհար Մելոյան․ Tert.am

Tert․am-ը գրում է․ «ՍԴ-ի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են, իշխանություններն ակնհայտորեն գործում են իրավական պետությանն անհարիր գործիքակազմով, ինչի հետևանքով կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։«Ե՛վ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը, և՛ իրավապահ մարմիները ներգրավված են և ջանք ու եռանդ չեն խնայում ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու գործընթացում։

Հիշեցնեմ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու չարաբաստիկ օրենքի ընդունումից և նախագահի կողմից ստորագրելուց հետո ժամեր անց սկսեցին իրավապահների գործողությունները»,- նշեց նա։Գոհար Մելոյանի դիտարկմամբ՝ ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններով և ճնշումներով իշխանություններն արդեն չեն էլ զարմացանում, այդպիսի գործողությունների շարքից են Հրայր Թովմասյանի նկատմամբ, խափանման միջոց ընտրելը, ինչպես նաև նրա՝ սանիկի Նորայր Փանոսյանի նկատմամբ գործողությունները։Ըստ նրա՝ նշված գործողությունները նպատակ ունեն ազատվել իշխանությունների համար անվերահսկելի դատավորներից և ՍԴ-ում յուրայինների կազմ ձևավորել, մնում է հուսալ, որ ՍԴ դատավորները կշարունակեն դրսևորել տոկունություն և մասնագիտական արժանապատվություն։ Ըստ նրա՝ կարող են լինել նաև այլ ճնշումներ։«Արդեն կարելի է ասել, որ անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը ոչ միայն իրավական, այլ բարոյական հատվածում։ Ենթադրաբար, իշխանությունները հարատև չեն և իրենց կատարած գործողությունների համար պատասխանատվության պահը վրա է հասնելու»,- ասաց նա։

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի կողմից Դատախազությանը ներկայացված գրությանը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ։ Սահմանադրագետի դիտարկմամբ՝ Դատախազությունը պետք է լայնածավալ ուսումնասիրություններ կատարի՝ ապահովելով թափանցիկությունը և օբյեկտիվությունը։

Նա հիշեցրեց, որ «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ»-ի անդամ Արսեն Բաբայանը մանրամասն ներկայացրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի հետ կապված ընթացակարգային խախտումները, անհրաժեշտ թվով պատգամավորների ձայներ չապահովելու խնդիրը։ Ըստ նրա՝ նորմատիվ իրավական ակտերի օրենքի հիման վրա տվյալ օրենքը պետք է անվավեր ճանաչվի։«Օրենքի փաթեթը հակասահմանադրական դրույթներ էր պարունակում։ Եվ դրանից էլ զատ նաև չէին պահպանվել Վենետիկի հանձնաժողովի կողմից արված մի շարք նկատառումներ, խնդրահարույց էր կարճ ժամկետը՝ 2 ամիսը, որը սահմանվել էր, ինչը միջազգային պրակտիկայում աննախադեպ է»,-ընդգծեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ