15 01 2020

Հարցաքննություն 1․5 տարի անց. որքանով է ողջամիտ.փաստաբանը՝ գաղտնալսումների մասին

Հարցաքննություն 1․5 տարի անց. որքանով է ողջամիտ.փաստաբանը՝ գաղտնալսումների մասին

Փաստինֆո-ն գրում է․ «Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ 1.5 տարի քննություն իրականացնելն ինչքանո՞վ է ողջամիտ։ Հետաքրքիր կլիներ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեսնել պարզաբանում՝ ինչու է այսքան տևում քննությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսումների գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։

«Հետաքրքիր կլիներ ստանալ հարցի պատասխան՝ եթե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, միջամտելու հանցակազմի հատկանիշներով էլ է քննություն իրականացվում, ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանը տուժող չի ճանաչվել։ Ամենաշատն այդտեղ հիշատակվում է հենց Ռոբերտ Քոչարյանի անունը, Ռոբերտ Քոչարյանի գործը»,-նշեց Արամ Վարդևանյանը՝ նկատելով ինչպես է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի տուժողի դատավարական կարգավիճակ, ընդ որում, նման միջնորդություն ներկայացվել է.

«Գործընկերներս նման միջնորդություն ներկայացրել էին և այն մերժվել էր։ Այդ պարագայում ինչ ուղղությամբ է քննությունը գնում, ինչ տրամաբանությամբ է գնում։ Ինձ համար այս հարցերն անհասկանալի են»,-հավելեց Արամ Վարդևանյանը, ում կարծիքով ՔԿ-ի կողմից տարածած հաղորդագրությունը պետք է շատ մանրակրկիտ լիներ, քանի որ գրեթե 2 տարի քննվող քրեական գործ է, այն էլ՝ աղմկահարույց գործ։

«Նույնիսկ այս գործի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով էր ձևավորվել ԱԺ-ում, այսինքն սրա հանրային հնչողությունը շատ բարձր էր։ Ըստ էության՝ Ռոբերտ Քոչարյանի մինչ օրս առկա կալանավորումը հենց այն կալանավորումն է, որն ամենասկզբում տվել է առաջին ատյանի դատարանի դատավորը»,-ասաց սահմանադրագետը։

Արամ Վարդևանյանի համար անհասկանալի է ինչ ծավալով քննչական գործողություններ են իրականացվել և իրականացվում։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, չկա այս և այլ հարցերի պատասխաններ։

Նշենք, որ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և հայտնել՝ հարցաքննվում է Քննչական կոմիտեում։

Քիչ առաջ ՔԿ լրատվական ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց, որից վերջապես հայտնի դարձավ, թե վարչապետը քրեական որ գործի շրջանակներում է հարցաքննվել։ Պարզվում է՝ վարչապետը հարցաքննվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների հետ կապված քրեական երկու գործերի շրջանակում։

Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում էլ ՀՀ վարչապետը հարցաքննվել է որպես տուժող։ Երկու հարցաքննությունները տևել են 2 ժամ 35 րոպե»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ