14  01  2020

Աննա Դանիբեկյանը փաստաբանի դիմումն ընթերցելիս կարևոր մասերը շրջանցել է



Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ դատական նիստի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց, որ նախորդ նիստին իրեն թույլ չտվեց դիրքորոշում ներկայացնել։

Այնուհետև անդրադարձավ Դանիբեկյանի՝ փաստաբան Միհրան Պողոսյանի դիմումն ընթերցելուն՝ ասելով․

«Դուք չհրապարակեցիք դիմումի այն հատվածը, որտեղ Միհրան Պողոսյանն ասում է, թե ինչ է ասվել նիստի ժամանակ։ Դուք այլ հատված հրապարակեցիք և ասացիք, որ լսել եք ձայնագրությունը և նման բան արտահայտված չէ։ Այն դեպքում, երբ Միհրան Պողոսյանը դիմումի մեջ հստակ նշում է․ «Փաստաբանների կողմից խոսք գնաց, որ տուժողի իրավահաջորդները կարող են իրենց վատ զգալ։ Ես ուզում եմ հարցնել փաստաբաններին՝ եթե իրենք լինեին մեր տեղը, իրենք իրենց լա՞վ կզգային․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն այլ ելույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր դերում» խոսքերի համար»։ Էս հատվածը դուք չհրապարակեցիք»։ Նշենք, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դատական նիստին չէր ներկայացել և դիմում էր ուղարկել դատավոր Դանիբեկյանին՝ նշելով, որ նա չի ապահովում հավասար մրցակցություն և թույլ է տալիս, որ տուժող կողմը վիրավորանք հնչեցնի պաշտպանական կողմի հասցեին։ Դատավոր Դանիբեկլյանը կիսատ կարդաց փաստաբանի դիմումը և հավելեց, որ ինքը տուժող կողմի խոսքում վիրավորանք չի նկատել։ Դատավոր Դանիբեկյանը Կարեն Մեժլումյանի խոսքն ընդհատեց՝ ասելով, որ դատավորը պարտավոր չէ բոլորը հրապարակել, եթե հարկ է համարում, թող պարոն Պողոսյանը մասնակցի նիստին և հրապարակի իր դիմումը։ Դանիբեկյանն ասաց, որ նպատակահարմար չի գտնում դատական նիստը շարունակել առանց փաստաբանի և հետաձգեց նիստը մեկ շաբաթով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ