14 01 2020

Գլխավոր դատախազը չի դիմել ՌԴ գործընկերոջը՝ Կոստանյանին գտնելու հարցով․ Փաստինֆո

Գլխավոր դատախազը չի դիմել ՌԴ գործընկերոջը՝ Կոստանյանին գտնելու հարցով․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազությունը չի դիմել ռուս գործընկերներին՝ պարզելու որտեղ է գտնվում նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նշենք, որ վերջինս հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել է, որ փախուստի դիմելու մտադրություն երբեւէ չի ունեցել, գտնվում է Մոսկվայում և դասավանդում է Ռուսաստանի դատախազության համալսարանում։

«Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է ռուս գործընկերներին՝ հաստատապես իմանալու արդյոք Գևորգ Կոստանյանը դասավանդում է Մոսկվայում։ Գլխավոր դատախազությունից, ըստ էության, բացասական պատասխան տրվեց, քանի որ մեր հարցի փոխարեն պատասխան տրվեց հանձնման գործընթացի մասին. «Հանձնման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի հետախուզման մեջ գտնվող անձին որևէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես տեղեկացվի: Կոնկրետ ձեր նշած անձի դեպքում դա առկա չէ: Հետախուզման գործընթացի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցռումներ»,-հավելեց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։

Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվել է դեկտեմբերի 4-ին։Գևորգ Կոստանյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարն էին բողոքարկել ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, ինչը, սակայն, դեկտեմբերի 30-ին մերժվեց։

Ավելի վաղ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իրեն որպես վկա ՀՔԾ-ում հարցաքննելուց հետո մոտ մեկ տարի գտնվել է Հայաստանում, սակայն իր մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել եւ իր մասին «հիշել» են, երբ աշխատանքի բերումով մեկնել է Ռուսաստան:

Աղբյուր` Փաստինֆո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ