13 01 2020

Ի՞նչը փոխել ձերբակալվածներին պահելու վայրերում․ ՄԻՊ առաջարկները

Ի՞նչը փոխել ձերբակալվածներին պահելու վայրերում․ ՄԻՊ առաջարկները

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիքը։

Կառավարության նախագիծն ամբողջությամբ արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության բաժիններ եւ ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ վերլուծական տեղեկանքներում ՁՊՎ-ներին առնչվող առաջարկները:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական առաջարկներն են՝

•     ՁՊՎ-ների խցերը պետք է ապահովված լինեն էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով գիշերային ժամերին հնարավոր կլինի թուլացնել խցերի արհեստական լուսավորությունը՝ չխոչընդոտելով ազատությունից զրկված անձանց հանգստի եւ քնի իրավունքը,

•     ՁՊՎ ընդունվող կանանց անհատական օգտագործման նպատակով, ի թիվս այլնի, ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում պետք է տրամադրվեն կանացի հիգիենիկ պարագաներ,

•     ՁՊՎ-ների զբոսաբակերը պետք է ապահովել մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ, կահավորել նստարանով ու աղբամանով,

•     օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել ՁՊՎ ընդունվող եւ այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության իրականացումը,

•     պետք է ապամոնտաժել ՁՊՎ-ների տեսակցությունների սենյակներում առկա ապակե միջնորմները, ինչը կվերացնի ազատությունից զրկված անձանց եւ նրանց մերձավոր ազգականների միջեւ ֆիզիկական շփման խոչընդոտը եւ այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առաջարկների կատարմանն ուղղված Ոստիկանության հետ համագործակցության նման օրինակը:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին եւ իրավական վերլուծությանը մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ