09 01 2020

Նորայր Փանոսյանի կալանքի որոշումն աղերս չունի արդարադատության հետ. Վարդևանյան

Նորայր Փանոսյանի կալանքի որոշումն աղերս չունի արդարադատության հետ. Վարդևանյան

Tert.am-ը գրում է․ «Էականն այն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը ազատ էր արձակվել վերադաս դատական ատյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, որով արձանագրվել էր, որ ընդհանրապես հիմնավոր կասկած չկա այս մարդուն մեղսագրվող արարքներում, ինչը նշանակում է, որ գործ չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով, Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին այսօր կրկին կալանավորելու որոշմանը:

«Դա նշանակում է, որ առնվազն պետք է քննարկման  առարկա դարձնել քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: Պարզապես նույն փաստական հանգամանքների վերաբերյալ նույն իրավիճակի կամ ապացուցողական բազայով իբրև դրվագ են ավելացրել և նորից տարել են դատարան »,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարարել է Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:Արամ Վարդևանյանը կոչ արեց հաշվի առնել կալանավորման որոշումը կայացրած դատավոր Գագիկ Պողոսյանի վարկանիշը, իսկ նրա նկատմամբ վստահության վերաբերյալ հարցնել փաստաբաններին:

«Իրականում կան դատավորներ որոնցից արդարադատություն ակնկալելը պարզապես միամտություն է, և սա այդ դեպքերից մեկն է, քանի որ դատարանը չի կարող արդարադատություն իրականացնել այն պարագայում, երբ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ կալանավորում չի կարող լինել, քանի որ չկա հիմնավոր կասկած, հետո առաջին ատյանը նորից կալանավորի: Դա նշանակում է, որ պարզապես չկա արդարադատություն և դատավորը արդարադատություն չի իրականացրել, քանի որ դա աղերս չունի արդարադատության հետ»,-ասաց նա:

Նա վստահություն հայտնեց, որ որոշումը բողոքարկվելու է: «Հույս ունենանք, որ այն չի մակագրվի օրինակ՝ Արմեն Դանիելյանին, թեև վստահ եմ, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները շատ կցանկանային, որ այդպես լիներ: Բայց, եթե գործը ընկնի այնպիսի դատավորի մոտ, որը բարձր վարկանշ ունի, ունի այն հեղինակությունը, ուժը վճռականությունը, որ արդարադատություն իրականացնի, ապա կալանավորումը կվերացվի: Հույս ունենանք, որ ի վերջո իրավունքի գերակայությունը իսկապես կգերակայի»,- հավելեց նա:

Արամ Վարդևանյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումները չէին էլ ավարտվել և երբ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքն ուժի մեջ մտավ, ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և ՀՔԾ ծառայողները մուտք գործեցին Սահմանադրական դատարան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ