08  01  2020

Դուք և ձեր կառույցն արժանի են ամոթ ու պարսավանքի․ բաց նամակ՝ Արթուր Դավթյանին

Դուք և ձեր կառույցն արժանի են ամոթ ու պարսավանքի․ բաց նամակ՝ Արթուր Դավթյանին

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պարոն գլխավոր դատախազ,

Մենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արդեն 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցներս, և անձամբ ես, մշտապես իմացել ենք, որ ուժային կառույցները և մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունը ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ գործող վարչապետի անձնական շահին: Բայց մեր հոգու խորքում ամեն դեպքում վառ էինք պահում մի աղոտ հույս, որ Դուք կունենաք մասնագիտական գեթ մի փոքր արժանապատվություն և գոնե կփոխեք Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Այսօր այդ վերջին հույսն էլ մեռավ, և մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր երկրում ամեն ինչ վճռվում է ցեղապետի կամքով՝ նրան հլու-հնազանդ ծառայող մարիոնետների ձեռքով:

Այս ամենը, իրավական այս ամենաթողությունը, օրենքի երեսին այս կերպ ցինիկաբար ծիծաղելը ունենալու է ծանր հետևանքներ՝ առաջին հերթին ՀՀ իրավական ինստիտուտների, երկրորդ հերթին՝ ձեզ նման կամակատարների համար: Իրավական համակարգն իր գլխին օրեցօր ստանում է ծանրագույն հարվածներ, հանուն քաղաքական հաշվեհարդարի և վենդետայի օրենքները ոտնահարվում և ստորադասվում են խայտառակ կերպով, և այդ բոլոր ապօրինությունները հանգեցնելու են տխուր վերջաբանի: Դեռ երկար տարիներ են պետք գալու՝ արդարադատության ծաղրված համակարգը ոտքի կանգնեցնելու և նրա ընկած վարկանիշը բարձրացնելու համար, իսկ նշածս կամակատարները կանգնելու են դատարանի առաջ:

21-րդ դարը միջնադարը չէ, պարոն Դավթյա՛ն, որ վհուկների որս իրականացվի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ և մնա անարձագանք միջազգային հանրության կողմից: 21-րդ դարում ոչ ցանկալի լրատվամիջոցի բերանը փակելը շատ թանկ է նստում տվյալ պետության վրա՝ քայքայելով նրա որդեգրած ժողովրդավարական արժեքները: Պնդում ընդգծում ենք, որ Արմեն Թավադյանի հանդեպ իրագործվող պրոցեսը մինչև ուղնուծուծը քաղաքական է և նպատակ ունի հարվածել խոսքի ազատությանը, ինչպես նաև թուլացնել նախագահ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած շարժումը: Սակայն Ձեր վերադասները դարձյալ ու դարձյալ սխալվել են իրենց հաշվարկներում՝ մենք ոչ միայն չենք թուլացնելու մեր պայքարը, այլ ավելի ենք ակտիվանալու՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դրվել իրավական, ժողովրդավարական ճիշտ ռելսերի վրա:

Ամոթ ու պարսավանք՝ ահա այն երևույթները, որոնց արժանի եք Դուք և ձեր ղեկավարած կառույցը, քանի դեռ կատարում եք ռեժիմի պատվերները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ