06 01 2020

10 անհայտով հավասարում էր. Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին․ Փաստինֆո

10 անհայտով հավասարում էր. Հայկ Ալումյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հունվարի 5-ին տարածած տեսանյութին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ս.թ-ի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, թե սա «այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։

Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, թե պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։

Հայկ Ալումյանը նշեց, որ տեսանյութից տպավորություն է ստեղծվել, որ անձն անգիր արված խոսքեր էր ասում կամ իր առջև դրված էր համակարգիչ, որից վերջինս կարդում էր։

Նրա խոսքով՝ ավելի խորքային մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ և տարածված տեսանյութում ընդամենը երևում է, որ ինչ-որ անձի ինչ-որ կասկածանքով ձերբակալել են։

ԱԱԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել, իսկ թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը՝ ԱԱԾ-ից չհայտնեցին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ