26 12 2019

Հոկտեմբերի 27-ի գործը բացելը հավասար է քաղաքական դաշտը ականապատելուն․Top-news.am

Հոկտեմբերի 27-ի գործը բացելը հավասար է քաղաքական դաշտը ականապատելուն․Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Հանուն նեղ անձնական կամ խմբային շահի պետության դեմ քայլեր իրականացնելը, մեղմ ասած, ճիշտ որոշում չէ: Իսկ երբ այդ քայլերի իրական նպատակը քողարկելու համար առաջ է քաշվում բարոյական եւ նուրբ թեմաներ, այդ քայլերն էլ ավելի վտանգավոր եւ հակապետական են դառնում:

Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե դատախազությունը հայրենանվեր, մարդասիրական որոշում է կայացրել՝ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը: 

Մարտի մեկը եւ հոկտեմբերի 27-ը մեր երիտասարդ հանրապետության հազիվ սպիացող, կարելի է ասել, անգամ դեռ չսպիացող վերքերից են, որոնց առանց երկար մտածելու դիպչելը ծանր հետեւանքների կարող է հանգեցնել:

Մենք տեսանք, թե ինչ եղավ, երբ մարտի մեկի գործը սկսեցին նորից փորփրձել՝ առաջնորդվելով բոլորովին այլ նպատակներով, քան սպանության հեղինակներին հայտնաբերելն է: Այս ամենի հետեւանքները դեռ երկար իրենց մասին զգացնել կտան:

Հիմա օգտագործելով Անահիտ Բախշյանի թույլ կետերը, հուզական վիճակը, նրան դրդել են անել մի քայլ, որի ծանր հետեւանքներն զգալու է ամբողջ երկիրը: Ափսոս, որ համակարգի ներսում չկա մի խիզախ եւ ազդեցիկ մարդ, որը ասի՝ բավական է, եւ թույլ չտա այնպիսի քայլեր եւ գործողություններ իրականացնել, որը կթուլացնի երկիրը, կավելացնի ատելութան մթնոլորտը:

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործը վաղուց կարճվել էր: Հիմա շատերի համար հասկանալի նպատակներով այն կրկին ուզում են բացել: Ափսոս, որ Անահիտ Բախշյանը չի հասկանում, չի ընդունում, որ գործը բացողները որեւէ նպատակ չունեն կազմակերպիչներ գտնել: Եթե հնարավոր լիներ գտնել կամ այդ կազմակերպիչները լինեին, ապա ողբերգությունից ընդամենը ամիսներ անց ամեն ինչ կբացահայտվեր:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ բանտում այս ահաբեկչության թիվ մեկ ահաբեկչի հետ հանդիպել էր Արման Բաբաջանյանը, դրական տպավորություն ստացել եւ անգամ առաջարկել վերանայել գործը: Մի պահ թվաց, թե այս մտադրությունից խելամտորեն հրաժարվել են. պարզվեց՝ ոչ:

Անշուշտ, այս գործը վերաբացելով գործող իշխանությունները մշտապես կարող են ցանկացած ճնշում իրականացնել իրենց համար անցանկալի գործիչների դեմ: Բացել այս գործը նույն է, եթե ականապատես ամբողջ քաղաքական դաշտը: Ափսոս միայն, որ գործող իշխանությունները չեն հասկանում, որ ականապատումից շատ հաճախ տուժում են հենց ականապատողները:  

Այն ինչ տեղի ունեցավ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի հետ, երբ ինչ-որ մեկի ցուցմունքով նրան ձերբակալեցին եւ ուզում են կալանավորել, հուշում է, որ կարող են գտնվել այլ վարուժաններ, որոնք կարող են մտածածին ցուցմունքներ տալ այս կամ այն քաղաքական գործչի դեմ՝ նրան մեղադրելով ամենածանր հանցանքների մեջ, ինչպես դա արդեն արել է Արման Բաբաջանյանը՝ Վազգեն Մանուկյանի դեմ: 

Այսուհանդերձ, այս ամենի հետ մեկտեղ շեշտենք, որ եթե գործող կառավարիչների հույսը դառնում է քսան տարի առաջ փակված գործը, ապա նշանակում է, որ նրանց գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն, որ նոյեմբերին, իրականում, որեւէ տնտեսական աննախադեպ աճ չի արձանագրվել, որ մարտի մեկի գործը իրենց համար ցանկալի հունով այլեւս չի կարող շարժվել:   

Ասում են, թե ինչու չի բացվում գրեթե ամբողջովին պարտրաստ Կրկեսի նոր շենքը. ինչո՞ւ բացվի, երբ կրկեսի է վերածվել մի ամբողջ երկիր: Գուցե Կրկեսի շենքը փակ է մնում, որ գոնե մի տեղ կրկես չլինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ