19 12 2019

Պարզաբանում՝ ինքնասպան լինել սպառնացող քաղաքացիների վերաբերյալ

Պարզաբանում՝ ինքնասպան լինել սպառնացող քաղաքացիների վերաբերյալ

ՀՀ  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի Խոստիկյանի բողոքի առնչությամբ` հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնից:

Ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ 2014 թ. ապրիլի 30-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հետևյալը.

Իջևան քաղաքի բնակիչներ Արման և Վաղարշակ Խոստիկյան երկվորյակ եղբայրները, նախկինում լինելով մի քանի անգամ դատապարտված` տարբեր հանցագործությունների, այդ թվում նաև` գողություններ կատարելու համար, 2014 թ. փետրվարից հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ հանցավոր արարքներ:

Այսպես.

Արման և Վաղարշակ Խոստիկյանները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2014 թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Օրբելի փողոցի 14-րդ շենքի բակից գաղտնի հափշտակել են «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:

2014 թ. մարտի 21-ին գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց Ե 200» մակնիշի ավտոմեքենան:

2014 թ. ապրիլի 18-ին Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի 8 ա շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում գտնվող ծառայողական «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենան:

2014 թվականի ապրիլի 28-ին Երևան քաղաքի Շիրվանզադե փողոցի 4/2 շենքի բակից գաղտնի հափշտակել են «Մերսեդես Բենց 220 Ե» մակնիշի ավտոմեքենան:

Բացի այդ, Արման Խոստիկյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և գործով չպարզված անձի հետ, 2014 թ. հուլիսի 10-ին Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 11Ե հասցեում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութի մուտքի դուռը լինգով բացելով՝ ապօրինի մուտք են գործել խանութ և այնտեղից հափշտակել ավտոմեքենաների տարբեր տեսակների մարտկոցներ, որոնք տեղափոխել են «Մերսեդես Բենց 200 Ե» մակնիշի հափշտակված ավտոմեքենայի մեջ: Նույն պահին խանութ ժամանած խանութի սեփականատերը պահանջել է կանգնել, ապա նաև հետապնդել է փախուստի դիմած հանցագործներին, որի ընթացքում վերջիններս դիտավորությամբ վնասել են նրա ավտոմեքենան և կարողացել են փախչել՝ բացահայտ հափշտակելով մարտկոցները:

2014 թ. հուլիսի 16-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են  Երևան քաղաքի Ավանեսովի 1 շենքի մոտ կայանված «Վազ 21121» մակնիշի ավտոմեքենան, որից գաղտնի հափշտակել են ընդհանուր զգալի չափի արժողությամբ գույք:

Այնուհետև, Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Վաղարշակ Խոստիկյանի և Արտակ Սամսոնյանի հետ, փախցրած վերոհիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրելով մեկ այլ ավտոմեքենայից հափշտակված հաշվառման համարանիշները, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գտնվող խանութի մուտքի դուռը կոտրելով, ապօրինի մուտք են գործել և այնտեղից գաղտնի հափշտակել կանխիկ գումար, վճարային սարք, որից հափշտակել են զգալի չափի գումար:

Նույն օրը` 2014 թ. հուլիսի 19-ին, Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը լինգերի գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող վաճառասրահ, գաղտնի հափշտակել վճարային սարքը, տեղափոխել և հափշտակել դրանում առկա խոշոր չափի կանխիկ գումարը:

Բացի այդ, Խոստիկյան եղբայրները և Արտակ Սամսոնյանը 2014 թ. հուլիսի 22-ին առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել՝ փախցրել են Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում կայանված «Գազ-330012» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից գաղտնի հափշտակել  են զգալի չափերի արժողությամբ գույք:

Արման Խոստիկյանը, նախնական համաձայնության գալով Արտակ Սամսոնյանի, Վաղարշակ Խոստիկյանի և Համլետ Վարդանյանի հետ, 2014թ. հուլիսի 23-ին փախցրել են Արշակունյաց 54 շենքի դիմաց կայանված «Գազ 2705-218» մակնիշի ավտոմեքենան, դրանով նույն օրը մեկնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող անվադողերի խանութի մոտ, ապա՝ ապօրինի մուտք գործել վերոհիշյալ խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել են ընդհանուր խոշոր չափերի արժողությամբ տարբեր տեսակի անվադողեր:

Արման Խոստիկյանը 2014 թ. հունվարի 24-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակից գաղտնի հափշտակել է «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենան:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար և հիմնավոր ապացույցների հիման վրա՝ Արման և Վաղարշակ Խոստիկյաններին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արտակ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Համլետ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանց բոլորի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և կայացվել է մեղադրական դատավճիռ:

2017 թվականի փետրվարի 27-ին կայացված դատավճռով՝ Արման Խոստիկյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 տարի ժամանակով, Վաղարշակ Խոստիկյանի նկատմամբ՝ 11 տարի ժամանակով, Արտակ Սամսոնյանի նկատմամբ՝ 3 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Համլետ Վարդանյանի նկատմամբ՝ 2 տարի ժամանակով:

Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ինչպես դատախազի, այնպես էլ՝ ամբաստանյալներ Վաղարշակ և Արման Խոստիկյանների պաշտպանների կողմից:

2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել են բերված բողոքները, և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի փետրվարի 27-ին կայացված  դատավճիռը թողնվել է անփոփոխ:

Այնուհետև դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը 13.11.2018թ. կայացված որոշմամբ մերժել է ներկայացված բողոքների վարույթ ընդունումը, և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ դեռևս 2018թ. հուլիսին դատապարտյալներ Խոստիկյան եղբայրների հարազատի և նրանց մտերիմ անձի կողմից հաղորդումներ են ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հիշյալ քրեական գործը քննող քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով 23.07.2018 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերոհիշյալ քրեական գործով իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուստիև՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին որոշում է կայացվել՝  հանցադեպի բացակայության հիմքով նշված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ