18 12 2019

Դատական համակարգից սպասելիքերն արդեն զրոյական են․ Panorama.am

Դատական համակարգից սպասելիքերն արդեն զրոյական են․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Արդեն գիտեմ նոր գրքիս վերնագիրը՝ «Դատավորները»։ Հայաստանում վերջին մեկուկես տարում կյանքն այնքան նյութ է տվել այս թեմայով, որ գրողների կողմից հանցավոր շռայլություն կլինի դրանից չօգտվելը։

Ժանրը դեռ չգիտեմ, բայց կպատմեմ այն մասին, թե ինչպես նոր իշխանությունները քողարկվելով «սիրո և հանդուրժողականության թավշյա» լոզունգներով՝ խոցելի դարձրեցին պետության կարևորագույն պաշտոնյաներ համարվող դատավորների անվտանգությունը, ինչն էլ ուղղակի ազդեցություն ունեցավ նրանց անկախության և անաչառության վրա։

Նախատիպերը բազմաթիվ են՝ սկսած 2018-ի հունիսից «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի անդամների խափանման միջոց կալանքը վայրկենաբար փոխած դատավորներից, մինչև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի չարչրկված հարցով հանրության «վեթինգին» ենթարկվող հերթական դատավոր Լուսինե Աբգարյանը։

Թերևս քչերն էին կարծում, որ վերջինս կբավարարի դեկտեմբերի 16-ին Ռ․ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Արդեն լիովին կանխատեսելի է, որ դատախազների ներկայացրած ինքնաբացարկները դատավորներն ընդունում են, իսկ պաշտպաններին՝ ոչ։

Սա էլ Մարտի 1-ի գործի առանձնահատություններից մեկն է, ինչպես օրինակ սովորական է դարձել դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխումը գրեթե ամեն ամիս մերժելու ձեռագիրը։

Այսպիսով, դռնբաց դատավարություններին հետևողներն իրենց գնահատականներն են տալիս դատավորներին, ինչպես որ մասնագետներն են Help Court-ում հետևում դատավորների վարկանիշներին։

Իսկ այսօրվա վիճակով գիտակից հանրության աչքին ամենաբարձր վարկանիշն ունեն ՍԴ դատավորները՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ (անշուշտ, բացի անաշխատ եկամուտ ստացող Վահե Գրիգորյանից), Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ամենավերջին տեղերը կիսում են Արմեն Դանիելյանն ու Աննա Դանիբեկյանը։

Նշված անձանց կողքին են բազմաթիվ այլ գործող անձինք՝ դատախազները, փաստաբանները, տուժողները, տուժողների ներկայացուցիչները, և ի վերջո, Մարտի 1-ի գործը վերաբացողներն էլ «կանմահանան» իրենց իրական դեմքերով։

Ամենից մեծ աբսուրդն այն է, որ ուշադիր նայելու դեպքում, այս դարակազմիկ դատավարությունում իրականում ամենաքիչ դերակատարությունն ունի գլխավոր հերոս համարվող Ռոբերտ Քոչարյանը․․․ պարզապես նա է այն հենքը, որի շուրջ կառուցվեց կծիկը։Հասարակության բոլոր շերտերի ուշադրությունը գրավելու համար պետք էր մեղավոր ընտրել բարձր անուն ունեցող մեկին։ Քանի որ ընտրվեց ՀՀ երկրորդ նախագահը, ուրեմն պետք է ենթադրել, որ հենց նա է եղել ամենից բարձր վարկանիշ ունեցող պետական գործիչը Հայաստանում։

Բայց եթե քրեական գործի «կնքահայրերը» մտադրություն ունեին հողին հավասարեցնել էքս-նախագահին, ապա անակնկալներով լի կյանքը ցույց տվեց հակառակը՝ ի հեճուկս կանխատեսումների Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացավ։ Ապացույցը՝ մոտ 60 հազար մարդու անվանական ստորագրությունները Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով։ Դեկտեմբերի 18-ի հրավիրած մամուլի ասուլիսում քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ ձևավորելու մասին, որը համակարգելու է ինքը։Այս ամենը վկայում են, որ դատական համակարգից սպասելիքերն արդեն գրեթե զրոյական են։ Թող սխալված լինենք, և դատավոր Լուսինե Աբգարյանը կոտրելով կարծրատիպերը՝ փոխի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։Այդ մասին դեկտեմբերի 20-ին։ Կիմանանք նաև, թե արդյո՞ք ևս մեկ Ամանոր պարոն Քոչարյանը մեկուսարանում կդիմավորի, թե տանը՝ ընտանիքի հետ։

Լիա ԻվանյանԳրող, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ