13 12 2019

«Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Արմեն Ավետիսյանի գործը կարճվել է․Հետք

«Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Արմեն Ավետիսյանի գործը կարճվել է․Հետք

«Հետք»-ը գրում է․ «Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող  քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական գործի վարույթը կարճելու և Արմեն Ավետիսյանի  նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում)  նախատեսված հանցանք կատարելու համար` արարքում  հանցակազմի բացակայության հիմքով,  իսկ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանցանք կատարելու համար` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»,- ասված է դատախազության պատասխանում:

Այսինքն` Դատախազության պատասխանից պարզ է դառնում, որ գործով փողերի լվացման դրվագը չի հաստատվել: Դատախազությունը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված քրեական գործով Արմեն Ավետիսյանն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, և գործում առհասարակ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չի եղել:

Նշվում է, որ մեկ տարի առաջ, երբ քրեական գործ էր հարուցվել, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «նախնական տվյալների համաձայն` Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը' հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարեկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը' նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Հետագայում' 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ' «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը: ԱԱԾ-ն հայտնել է նաև, որ վերը նշված երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Քրեական գործի հարուցումից շուրջ երկու ամիս անց` Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,  որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:

 «Կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում այն ժամանակ ԱԱԾ տնօրեն եղած  Արթուր Վանեցյանը հայտնեց, որ «օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում իրենց հաջողվել է պարզել, որ վերը նշված օֆշորային ընկերության սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդի Արտաշես Ավետիսյանն է և նրա մայրը։

Լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կատավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ գույքը որպես նվիրատվություն ընդունելուց առաջ նախ պետք է ստուգվի դրա ձեռքբերման օրինականությունը:

2019-ի հուլիսի 4-ի կառավարության նիստից հետո Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ հյուրանոցը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա, և սեպտեմբերի 26-ի կառավարության նիստին որոշվեց որպես նվիրատվություն ընդունել 15.8 մլն դրամ արժեքով հյուրանոցը:

Այսինքն` ստացվում է, որ հյուրանոցը պետությանը նվիրելուց մոտ մեկ ամիս անց` հոկտեմբերի 31-ին որոշվել է Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Հիշեցնենք, որ Կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշել է 7.5 մլրդ դրամով աճուրդի հանել հյուրանոցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ