13 12 2019

Համակարգը սոսկալի ծանրաբեռնված, գրեթե կաթվածահար է․ ԲԴԽ նախագահ․ Փաստինֆո

Համակարգը սոսկալի ծանրաբեռնված, գրեթե կաթվածահար է․ ԲԴԽ նախագահ․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

-Պարո՛ն Վարդազարյան, արդարադատության համակարգում այսօր ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։

-Հարցը, որը կարելի է ուղղել մի գիտահետազոտական ինստիտուտի։ Արդարադատության համակարգի խնդիրները բազմաթիվ են, խնդրում եմ կոնկրետացրեք։

-Ո՞րն է ամենախնդրահարույցը։

-Այս պահին մեկ հարց եմ կարևորում, որը, գտնում եմ,որ ամբողջ դատական համակարգին է հուզում և ոչ միայն դատական համակարգի աշխատակիցներին, այլև՝ հանրությանը։ Դա դատարանի նկատմամբ հանրային վստահության հարցն է։ Ոմանց կարծիքով դա ցածր տոկոս է կազմում, իմ համոզմամբ, դա այդպես չէ։

-Պարոն Վարդազարյան, դատավորները նշում են, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում և դրանից տուժում է դատական ակտի որակը և իրավունքներ են խախտվում։ Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով։

-Իսկ ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Մի քանի լուծում կա՝ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ անել և դատավորների քանակ ավելացնել։ Չկա մի դեղահաբ, որի միջոցով կարելի է բուժել այդ հիվանդությունը։ Դա համալիր բուժում է պահանջում։ Ընդհանրապես, որպեսզի դատարանը ծանրաբեռնեն ոչ թե բռնագանձման պահանջներով կամ վճարման կարգադրություններով, այլ դատարանը բուն արդարադատություն իրականացնի, այսինքն՝ վեճ քննի, այլ ոչ թե նոտարի գործառույթ կամ պահանջը հաստատող մարմնի գործառույթ կատարի։ Ես նոտարի աշխատանքը չեմ նսեմացնում ամենևին։ Մեր ծանրաբեռնվածության ավելին քան 86-87 %-ը գումարի բռնագանձման պահանջներ են, որոնք, ըստ էության, իրենց մեջ վեճ չեն պարունակում, բայց դատավորներին ծանրաբեռնում են որոշակի գործառույթներով, որոնք օրենքով նախատեսված են և դատավորը ուզի, թե չուզի պարտավոր է քննել այդ վեճ չունեցող գործերը, որոնք ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իսկ գումարի պահանջները կարող է տատանվել 3000-ից մինչև մի քանի միլիոն։ Դատավորի համար նշանակություն չունի պահանջը 3 մլն դրամի է, թե 3000 դրամի։ Օրենքը նույն գործառույթն է նախատեսում։

-Դատարանների անկախության խնդիրն ամենաքննարկվողներից է։ Դատական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ այսօր դատարանները թիրախավորված են և կա ճնշումներ, այդ թվում՝ հոգեբանական բնույթի։ Սա ըստ Ձեզ խնդրահարույց չէ։ Կա՞ ճնշում։ Դատարաններն ունե՞ն անկախության խնդիր։

-Միանշանակ խնդրահարույց է։ Բազմիցս ասել եմ։ Մարդկության պատմության մեջ միշտ գործադիրը և օրենսդիրը փորձում են դատական իշխանությունը քաշել իր տակ, ազդեցություն ունենալ, իսկ դատավորները միշտ պայքարում են դրա դեմ։ Դա նորմալ դիալեկտիկայի կանոն է։ Միշտ փորձելու են մեզ վրա ճնշում իրականացնել, որպեսզի գործադիրի և օրենսդիրի համար հաճելի դատական ակտեր կայացվեն, իսկ մենք փորձելու ենք միշտ ասել՝ մենք անկախ ենք և մեր դատական ակտերը կայացնելու ենք բացառապես ղեկավարվելով օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Դա անվերջ պրոցես է՝ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ։ Ես այդ պրոցեսին վերաբերվում եմ փոքրինչ փիլիսոփայորեն։

-Պարո՛ն Վարդազարյան, «վնգստացող դատավորների» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, ԲԴԽ-ն հայտարարեց, որ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, բայց այն այդպես էլ չհրապարակվեց։ Ինչու՞։

-Ես չեմ հիշում՝ դա այդպես է եղել, թե ոչ։ «Վնգստացող դատավորներ» հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են արվել, պատասխանել եմ և ուղղակի հրաժարվում եմ ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ։  Հարցին պատասխանելուց հրաժարվելը խնդրում եմ չդիտել որպես հարցից խուսափել, այլ՝ ուղղակի չկրկնվելու համար։ Բազմաթիվ անգամներ իմ կարծիքն ասել եմ։

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր անձնական երաշխավորությունն ընտրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության առիթով հուլիսի 30-ին ԲԴԽ-ն հայտարարեց, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: Սակայն ՀՔԾ-ն արձագանքեց, որ քննիչը խախտում թույլ չի տվել, այս պատասխանը բավարար համարո՞ւմ եք։

-Այո, դա փաստ է։ Այդպես է եղել։ Ցավոք սրտի ԲԴԽ-ն միայն կարող է նման եզրակացություն տալ, որ գտնում ենք, որ դատավորի նկատմամբ օրենք է խախտվել և դա որոշակի առումով մեր կողմից դիտարկվել է որպես ճնշում կամ միջամտություն։ Բացի հայտարարություն տալուց կամ հաղորդում տալուց Դատախազություն՝ ԲԴԽ-ն այլ գործառույթ չունի։ Մենք արել ենք առավելագույնը, որը պետք է արվեր։ Այո՛, գտել ենք, որ ՀՔԾ քննիչը օրենսդրությանը հակասող գործողություն է արել դատավորի նկատմամբ։ ԲԴԽ-ն կարող էր միայն դա արձանագրել և հանրայնացնել, որն արվել է։ Մեր իրավասություններն այդքանով ավարտվում են։ Այլևս մենք անելիք չունենք։ Ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր իրավասու են կամ ունակ են մեր ասածն ըմբռնել և հասկանալ, պետք է դրանից հետևություն անեն։ Համենայն դեպս՝ նման բան այլևս չի կրկնվել։ Միգուցե մեր հայտարարությունը նաև կանխարգելիչ ազդեցություն է ունեցել նաև հետագա գործողությունների համար։

-Գործադիր, օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն արդյո՞ք իրավունք ունեն գնահատականներ տալ դատական ակտին, թե այդուհանդերձ պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։

-Ձեր հարցն ինքնին պատասխան էր պարունակում։ Իսկ ինչու միայն օրենսդիր և գործադիր և քաղաքական իշխանություն եք նշում, ինչու՞ չեք նշում ընդդիմադիրներին, ինչու՞ չեք նշում կեղծ մասնագետներին։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտ մեկնաբանելու իրավասություն ՀՀ-ում ոչ ոք չունի։ Ե՛վ գործադիրը, և՛ օրենսդիրը, և՛ ընդդիմադիրները որևէ կերպ իրավունք չունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեկնաբանել։ Դա անհեռանկար, անշնորհակալ գործ է։

- Չե՞ք կարծում, որ գործադիր իշխանության՝ դատավորներին տրված վիրավորական պիտակավորումները, այդ կամ այն քաղաքական ուժին ծառայություններ մատուցելու մասին հայտարարությունները նպաստեցին դատական իշխանության հեղինակազրկմանը։

-Նորից նույն հարցադրումն եք անում։ Նշանակություն չունի դա գործադիր է, օրենսդիր է, ընդդիմադիր է կամ հասարակական կառույց է, թե քաղհասարակության ներկայացուցիչ է։ Ընդհանրապես ոչ ոք նման իրավունք չունի։

- Ձեզ չի մտահոգում,որ դատական իշխանության վերաբերյալ գործադիր եւ օրենսդիր Իշխանության ներկայացուցիչների կողմից բացասական գնահատականներ են հնչում, երբ օրվա քաղաքական իշխանությանը հետաքրքրող քրեական գործով վերջինիս ակնկալիքները չարդարացնող դատական ակտ է կայացվում։

— Ձեր հարցերն ուղղվածություն ունեն։ Խնդրում եմ ինձ այդ ուղղվածության հարցերը մի տվեք։

-Պարոն Վարդազարյան, մենք տեսնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված, երբ սկսվել է մերժվել նրա փաստաբանների միջնորդությունները՝ կապված վերջինիս խափանման միջոցի փոփոխման հետ, դատարանների նկատմամբ թիրախավորումները նվազել են։

-Ոչ, չեմ գտնում, որ թիրախավորումը նվազել է։ Մենք նույն հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության կողմից, այնպես էլ՝ ընդդիմադիրների կողմից։ Դատական իշխանությունն այսօր իրականում անկախ է։  Մեզ այսօր քննադատում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։

Քանի որ այդ գործը նշեցիք, ես այդ գործի շրջանակներում կխոսեմ, բայց նման օրինակները բազմաթիվ են։ Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։ Այդպես չի լինում։ Դատավորներն ունեն իրենց կարծիքը, իրենց իրավագիտակցությունը և յուրաքանչյուր դատավոր իր ձևով է մեկնաբանում այս գործի հետ կապված որոշակի հանգամանքներ։ Ո՛չ քաղաքական իշխանությունն է մեզ հավանություն տալիս և ասում՝ այո, լավն է դատական իշխանությունը, ոչ՛ ընդդիմադիրները։ Հետևաբար՝ մենք կա՛մ իսկապես լավն ենք և անկախ ենք և, ես համոզված եմ, որ այդպես է, կա՛մ շատ վատն ենք, որովհետև բոլորն են քննադատում։ Մենք ո՛չ քաղաքական իշխանության կողմն ենք, ո՛չ ընդդիմադիրների կողմն ենք և ինչպես ճիշտ ենք գտնում, այդպես էլ անում ենք։ Դա՞ չէ մեր ուզած դատարանը։ Մենք հենց դա ենք ուզում, որ ունենանք անկախ դատարան, որը կգործի օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով, ներքին համոզմամբ։ Մենք այսօր դա ունենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Փաստինֆո-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ