02  12  2019

«Հայելի» ակումբի վրա հարձակումով պետք է մեղադրանք լինի խուլիգանության և խտրական վերաբերմունքի մասով. Փաստաբան

«Հայելի» ակումբի վրա հարձակումով պետք է մեղադրանք լինի խուլիգանության և խտրական վերաբերմունքի մասով. Փաստաբան

Երկու ամիս առաջ «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումից հետո դեռ նախաքննությունը շարունակվում է, սակայն, սովորաբար, նման գործերի դեպքում վարույթն իրականացնող մարմնին երկու ամիսը բավարար է: Քննչական կոմիտեն այս գործով անգործության է մատնված: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայելի» ակումբի սեփականատեր Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ-փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Երկու ամիս անց պարզվում է, որ Քննչական կոմիտեին ժամանակ է հարկավոր, որ նախաքննությունը շարունակի, անգամ դեռ մեղադրանք առաջադրված չէ խուլիգանության և խտրական վերաբերմունքի համար:  Մենք դիտարկում ենք, որ այս ամենը ոչ միայն լրագրողի աշխատանքը խոչընդոտել է, այլ նաև խուլիգանական արարք՝  խտրականության հիմքով, քանի որ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա: Այսինքն՝ եղել է հենց հարձակում, դա տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով, և հանրային կարգն է խախտվել՝ հիմքում ունենալով խտրականությունը»,-ասաց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այդ հիմքով միջնորդություն են ներկայացրել Քննչական կոմիտե, քննիչը պատասխանել է, որ այս պահին միջնորդությունը չի քննարկվելու, եթե լինեն բավարար հիմքեր, ապա միջնորդությունը կքննարկվի:

«Բացի այդ, մենք միջնորդել էինք տուժող ճանաչել «Հայելի» ակումբին, որովհետև այստեղ ոչ միայն լրագրողն է տուժում, այլ նաև ակումբը՝ որպես իրավաբանական անձ: Տուժել է նաև ակումբը՝ պատճառվել է նյութական ու բարոյական վնաս, բացի այդ, մենք կարծում ենք, որ պարտադիր գործառույթներ չեն կատարվել, իհարկե, մենք մանրամասն չենք կարող հայտնել, քանի որ նախաքննություն է, բայց մենք Քննչական կոմիտեի գործողությունները գնահատում ենք անբավարար, նաև խորը անգործության է մատնված նրանց գործողությունները»,-ասաց փաստաբանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ