27 11 2019

«Հայփոստ»-ից հեռուստացույց են գողացել․ ոստիկանության բացահայտումը



Նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում գողության 4 դեպք արձանագրվեց։ Մի դեպքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էրեբունու փողոցում գտնվող «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը ։ Իսկ դեպքում մտել էին «Վիոլա ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մյուս երկու դեպքերում գողություն էր կատարվել Էրեբունիում գտնվող ավտոսպասարկման ու կահույքի սրահներից։ Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտման առումով կարևորագույն եզրահանգումներ արեցին։

Փաստական տվյալներով հիմնավորվեց, որ բոլոր դեպքերում գործել են նույն անձինք։ Օրեր անց էլ հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Կասկածվող երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչներ են, հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ