12  11  2019

4 նորանշանակ դատավորները երդվել են նախագահի նստավայրում



Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:

«Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քանի որ մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբ խոսում ենք պետական կառույցի, պետության, ազգային պետության ամրության և նրա կայունության մասին, ապա դրա հիմնասյուներից մեկը դատական համակարգն է: Այն երկրները, որտեղ դատական համակարգը, որպես ամբողջություն, կայուն է, վստահելի է, անկախ է, այդ երկրներն իսկապես կայուն են»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ ամուր և առողջ դատական համակարգի շնորհիվ շատ երկրներ կարողացել են իրենց դժվարություններին ու խնդիրներին սահուն կերպով լուծում գտնել:

«Ձեր և մեր բոլորիս խնդիրն է, որ մեր երկիրը դառնա իսկապես ոչ միայն ժողովրդավար, ոչ միայն ժամանակակից, այլև, նախ և առաջ, կայուն երկիր: Եվ այդ կայունության զգացողությունը քաղաքացին ստանում է դատարանի հետ շփվելիս: Որքան դատարանն անկանխատեսելի է, որքան թափանցիկ չէ, որքան ժամանակի իմաստով իրեն տրված գործառույթը չի ապահովում, այնքան անկայունություն ու անվստահություն է առաջացնում,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Խնդիրները բազմաթիվ են, կան կառուցվածքային խնդիրներ: Կան նույնիսկ խնդիրներ, որոնք գուցե սահմանադրական են կամ օրենքների հետ են կապված: Բայց երբ խոսում են դատարանի մասին, այն վերացական մարմին չէ: Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ տվյալ քաղաքացին կամ կազմակերպությունը շփվում են: Դու՛ք եք արդարադատության դեմքը, և, հետևաբար, տարբերվում եք ձեր առջև դրված պահանջներով, այն է՝ ապահովել անկախ, արդար և օրենքի տառին համապատասխան արդարադատություն: Յուրաքանչյուրիդ հաջողություն եմ մաղթում, բոլորդ երիտասարդ եք, ձեզ երկար տարիների անբասիր գործունեություն եմ մաղթում՝ ի փառս մեր հայրենիքի և երկրի»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ