07  11  2019

Ոչ ոք Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել․ Ռուբեն Սահակյան



Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի հերթական որոշումը։  Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ դատավորի՝ խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդության մերժումից հետո։

Ռուբեն Սահակյանը ենթադրում է, որ դատավորը որոշումը հիմնավորում է մեղադրող կողմի փաստարկներով։ «Ես համոզված էի, որ դատավորը կմերժի միջնորդությունը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ համոզվել է դատավոր Աննա Դանիբեկյանի պրոֆեսիոնալ գիտելիքների խոր բացակայության մեջ։

«Այնտեղ ընդհանրապես մեղադրանք չկա։ Հեքիաթներ են, որոնք գրել է դատախազը, որոնք անգամ ահնհար է համեմատել Գյուլնազ տատի հեքիաթնեի հետ»,- ասաց փաստաբանը։ Թե ինչ կլինի վերաքննիչ դատարանում, Ռուբեն Սահակյանը չի կարող ենթադրել՝ նշելով, որ ամեն բան կախված է նրանից, թե որ դատավորին կմակագրվի գործը․ «Փաստաբանները գիտեն, թե որ դատավորն ինչի է ընդունակ։ Ես դա անվանում եմ քաղաքացիական արիություն։ Չնայել պաշտոնին և անձի հնարավորությանն ու արդար որոշում կայացնել»։

Ինչ վերաբերում է միջնորդությունների փուլի տևական լինելուն, փաստաբան Սահակյանն ասաց․ «Ես միջնորդության մեջ գրել էի՝ մի մեղադրեք մեզ, թե մենք փորձում ենք խոչընդոտել և ձգձգել դատական քննությունը, հակառակը՝ մենք այսօր հակված ենք մտնել դատական վիճաբանությունների փուլ, և արտասանել պաշտպանական ճառ և քարը քարին չթողնել այս մեղադրանքը»։

Պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատավարությանը, Ռուբեն Սահակյանն արձագանքեց․ «Ինչի՞ն և ինչպե՞ս պետք է խոչընդոտի: Եվ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։ Խոչընդոտել նշանակում է ազդել հետաքննության վրա, կեղծել փաստաթղթերը, վկաներին ստիպել փոխել ցուցմունքը: Գործում ընդամենը 2 փաստաթուղթ կա: Քոչարյանը խոստովանում է, որ նման հրամաններ է արձակել: Վկանե՞ր: Չկան վկաներ, որոնց վրա Քոչարյանը կարող էր ազդեցություն ունենալ: Ոչ ոք նրա դեմ ցուցմունք չի տվել: Արշակ Կարապետյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Նա միայն ասում է, որ փետրվարի 23-ին հայտարարվել է արտակարգ դրություն սահմանելու մտադրության մասին: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում: Արտակարգ դրությունը սահմանվել է մարտի 1-ին, և Կարապետյանի խոսքերը ոչ մի վկա չի հաստատել: Մյուս բոլորը նման բան չեն հիշում: Գնդապետի կոչումով դատախազները պրիմիտիվ մանիպուլյացիաների են դիմում՝ ասելով, թե վկաները չեն հերքում»:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ