31 10 2019

Արման Բաբաջանյանի հայտարարություններն ասեկոսե են. փաստաբան․ Փաստինֆո

Արման Բաբաջանյանի հայտարարություններն ասեկոսե են. փաստաբան․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Առհասարակ, նման պրակտիկա չկա, որ քաղաքական գործիչը հանդիպի դատապարտյալի հետ եւ հայտարարի, որ գործում նոր երեւան եկած հանգամանքներ կան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։ Մասնագետի խոսքով, դա դատախազի գործն է, իսկ Բաբաջանյանը չունի այդ գիտելիքները եւ չի տիրապետում գործին այնքան լավ, որ հասկանա՝ որն է նոր երեւան եկած հանգամանքը կամ այն ինֆորմացիան, որը տալիս է դատապարտյալը, դա նոր երեւան եկած հանգամանք է, թե ոչ:

«Եթե իրավապահ մարմինները փնտրում են նոր երեւան եկած հանգամանք՝ գործի վերաբացման համար, որովհետեւ, որքան հասկացա, դա է նպատակը, նախ եւ առաջ դա դատախազի ֆունկցիան է: Դատախազը, դրսեւորելով նախաձեռնողականություն, եթե կան որոշակի նախադրյալներ, հանդիպում է դատապարտյալի հետ, եւ կարող է որեւէ նոր երեւան եկած հանգամանք ծնվել, ինչը կհանդիսանա հիմք գործի վերաբացման համար: Սա է իրավական գործընթացը, իսկ Արման Բաբաջանյանը այդ հարցով կոմպետենտ չէ: Ես չեմ կարող ասել , թե նա այլ ինչ նպատակով կարող էր հանդիպել, բայց ակնհայտ է, որ նա կոմպետենտ անձ չէ »,-«Փաստինֆո»-ին ասաց Ղազարյանը:

Հիշեցնենք, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ, ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով դիմում է ներկայացրել, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հանդիպել է Հունանյանի հետ եւ 2.5 ժամ զրուցել նրա հետ։

«Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,-տեղեկացրել էր Արման Բաբաջանյանը, ապա տարբեր հարցազրույցներում հայտնել, որ իր հետ առանձնազրույցի ժամանակ Նաիրի Հունանյանը անուններ է տվել:Արա Ղազարյանը շեշտեց՝ մինչեւ հիմա , այն ինչ ասել է Արման Բաբաջանյանը, դատավարական իմաստով ասեկոսի մակարդակի հայտարարություն է, այսինքն, ապացուցողական նշանակություն չունի: Ե իրավապահ մարմինները պարտավոր չեն պետության ռեսուրսները ծախսել եւ ամեն անգամ ինչ-ինչ գործողություններ սկսել, որովհետեւ ինչ-որ մեկը ինչ-որ բան ասաց. «Ոչ, դա պետք է իրավական գործընթաց լինի, որովհետեւ իրավապահ մարմինները այստեղ բախվելու են դատական ակտի վերջնականության սկզբունքի հետ: Գործի վերաբացումը նախ եւ առաջ սթրես է տուժողների համար, հետեւաբար, այնպես չէ, որ դա հեշտությամբ թույլատրվում է: Մարդու հիմնարար իրավունքն է, որ դատական ակտը, որը մտել է ուժի մեջ, դարձել է վերջնական, որպես այդպիսին մնա եւ կասկածի տակ չհայտնվի: Դա տուժողների res judicata իրավունքն է»:

Ստեղծված իրավիճակում մասնագետի խոսքով, հայտնվել է մի քաղաքական գործիչ, որը կասկածի տակ է դնում այդ դատական ակտերը, թե ինչ հիմունքով, հայտնի չէ :

«Նախ, եթե նա փաստ ունի, պետք է դիմի իրավապահ մարմիններին, այլ ոչ թե իր նախաձեռնությամբ հանդիպի դատապարտյալի հետ: Կրկնում եմ՝ նրա հայտարարությունները դատավարական իմաստով ասեկոսե են՝ ապացուցողական արժեք չունեցող հայտարարություններ, այնտեղ չկա փաստ , որը լինի վերաբերելի, արժանահավատ եւ, որը հաղթահարի այն շեմը, որի դեպքում կարող է հիմք հանդիսանալ՝ սկսել վարույթ գործի վերաբացման համար: Նոր երեւան եկած հանգամանքը դա հանգամանք է, որը միշտ եղել, բայց այսօր է այդ մասին հայտնի դարձել, որը իր բնույթով էական է եւ կարող էր ազդել գործի ելքի վրա: Մինչեւ հիմա որեւէ մեկին չի հաջողվել որեւէ նոր երեւան եկած հանգամանքի վրա փաստական տվյալ տրամադրել դատախազին եւ հանկարծ, հայտնվում է քաղաքական գործիչ, որը ինչ-որ նախաձեռնություն է դրսեւորում եւ մինչեւ հիմա, այդպես էլ , որեւէ վերաբերելի արժանահավատ տվյալ չի տրամադրել: Նա որպես քաղաքացի պետք է դիմեր դատախազին, մնացածը ձեւականություն է»,-եզրափակեց Արա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Աղբյուր` Փաստինֆո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ