30 10 2019

Արդյո՞ք այս դատավարությունը երկրի վարկանիշին վնաս չի հասցնում․ Վարդևանյան․168TV



168.am-ը գրում ․ ««Թե արդար դատաքննության իրավունքի, և թե կալանավորման օրինականության տեսանկյուններից խախտումներն առկա են, և ՄԻԵԴ-ը դրանց գնահատական պետք է տա: Այսինքն՝ մենք կոնկրետ այս գործով դատական համակարգով այնպիսի լուրջ խնդիրներ ունենք, որ դրանցից տրոհելն է արդեն նույնիսկ դժվարություն ենթադրում: Պատահական չէ, որ մենք այս դիմումների մասով ընթացք ունենք քարտուղարության կողմից, քանի որ, երբ Եվրոպական դատարանի Բարձրագույն պալատը վարույթ է ընդունում, արդեն դրանով իսկ կարևորվում է այս հարցը: ՄԻԵԴ-ի մամլո հաղորդագրությունների մեջ էլ է նշվում, որ գործընթացի մասնակիցներից մեկը ՀՀ երկրորդ նախագահն է»,- անդրադառնալով երեկ տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ՄԻԵԴ-ում ստացվել են ու կքննվեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները՝ 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

Վերջինս նկատեց, որ, թեև սա բացառիկ դեպք է, երբ պաշտոնաթող նախագահի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, սակայն խնդիրն այն է, որ դա չզուգորդվի իրավունքների խախտմամբ՝ հիշեցնելով Վերաքննիչ դատարանում կատարվածը, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին առհասարակ զրկեցին խոսքի իրավունքից:

«Եվ ես կարծում եմ, որ կոնկրետ այդ դեպքի հետ կապված՝ շատ կտրուկ ու խիստ է լինելու գնահատականը, որովհետև դա աննախադեպ էր: Աննախադեպ էր, օրինակ, այն, որ այս գործը մակագրվեց մի դատավորի, ով ամենացածր վարկանիշն ուներ դատավորների մեջ փաստաբանների կողմից (դատավոր Արմեն Դանիելյան), ուներ ինքնաբացարկի ակնհայտ հիմք, բայց չի հայտնում ինքնաբացարկ: Նույնիսկ քննության առարկա չի դարձնում իմ կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Դիտարկմանը, թե առհասարակ եվրոպական կառույցների խորհրդատվական կարծիքների չկատարումն ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել, սահմանադրագետն ասաց, որ ինքը չի պատկերացնում, որ դրանք հնարավոր է հաշվի չառնել, և եթե խոսում ենք երկրի վարկանիշից, իսկ իշխանությունները շարունակ շեշտում են, որ Մարտի 1-ի իրադարձությունները երկրի վարկանիշին են վնաս հասցրել, արդյո՞ք այս դատավարությունը երկրի վարկանիշին վնաս չի հասցնում:

Խոսելով Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ իշխանության յուրացում և պաշտոնեական կեղծիքի կատարում, Արամ Վարդևանյանը, ով ԱԺ նախկին խոսնակի պաշտպանն է, ասաց, որ ինքը չգիտի, թե այս մեղադրանքի շրջանակներում ինչի մասին է խոսքը, որովհետև Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը շատ քիչ հանդիպող հոդված է:

«Դրա վերաբերյալ փորձ առհասարակ առկա չէ, և ոչ էլ ըստ էության, որպես այդպիսին, միջազգային փորձ կա: ՍԴ-ի լիազորություններից և ոչ մեկը չի կարող յուրացվել ՍԴ նախագահի ընտրությամբ: Եթե խոսքը գնար այն մասին, որ, ենթադրենք, ՍԴ-ում առկա էր դիմում, և այդ ժամանակ ԱԺ-ն, չսպասելով ՍԴ որոշմանը, ինքն իր կողմից ԱԺ որոշմամբ ընդուներ, որ տվյալ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, սա իրենից կենթադրեր իշխանության յուրացում, քանի որ ՍԴ լիազորությանը տիրացավ ԱԺ-ն»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ինչ վերաբերում է պաշտոնական կեղծիքին, ըստ Արամ Վարդևանյանի, դա ամսաթվերի հետ կապված պատմություն է, որն իրենից ոչ մի էական հանգամանք չի ենթադրում:

«Նախ՝ Mullberry-ն իրենից պարտադիր գործընթաց ԱԺ-ի համար չի ենթադրում: Այն կառավարության համար է պարտադիր: Mullberry-ի ամբողջ փաստաթղթաշրջանառությունը կարգավորվում է կառավարության որոշմամբ: Կառավարության որոշմամբ ԱԺ-ի համար պարտադիր հանգամանքը կարող էր դիտվեք իշխանության յուրացում»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ամենակարևոր փաստը, ըստ բանախոսի, որը կարծես թե շրջանցվում է, այն է, որ մարտի 1-ին հրաժարականը եղել է: Գագիկ Հարությունյանի կամքն արտահայտվել է:

«Մարտի 5-ին Գագիկ Հարությունյանը Հրայր Թովմասյանին ներկայացրել է՝ որպես ՍԴ անդամ: Եվ նա նաև տեղեկացնում է, որ իր լիազորությունների դադարեցման հարցն ընթացքի մեջ է: Եվ, ի վերջո, այդ տեխնիկական հարցերն ԱԺ նախագահի հետ ի՞նչ առնչություն ունեն: Մենք խոսում ենք բարձրագույն ներկայացուցչական մարմնի ղեկավարի մասին: Հո ԱԺ նախագահը համակարգչով փաստաթղթեր չի՞ սկսում մուտքագրել: ԱԺ նախագահն ունի ծայրահեղ մեծ ծանրաբեռնվածություն: Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ ամբողջ մեղադրանքը կառուցված է նորմի մեկնաբանության վրա»,- նշեց Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ խոսքն ԱԺ կանոնակարգ օրենքի մասին է:

Անդրադառնալով այն թեմային, թե, ի վերջո, ի՞նչ խախտում էր թույլ տվել ԱԺ նախկին նախագահը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրության ժամանակ, Արամ Վարդևանյանն ասաց, որ ինքը չէր պատկերացնի, որ այս ինֆորմացիան դուրս կգար նախաքննական նյութերից ու հրապարակման առարկա կդառնար, քանի որ դա ուղղակիորեն ցուցմունք էր, որտեղ կար և քննիչի հարց, և պատասխան:

«Բայց մենք նաև ականատես եղանք մի աննախադեպ երևույթի, երբ ուղղակի մեջբերում արվեց ցուցմունքից: Ես այդպիսի պրակտիկա չէի տեսել: Խոսքն այն մասին էր, որ ինչ ընթացակարգով որ Հրայր Թովմասյանն ընտրվել էր ՍԴ անդամ, նույն ընթացակարգով ևս 4-ն օրենսդիրից գործադիր էին գնացել: Սահմանադրության 95-րդ հոդվածն իրավունքի ուժով դադարեցնում է լիազորությունները: Արա Բաբլոյանի կողմից պնդումը դրան էր վերաբերում»,- մեկնաբանեց պաշտպանը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ