29 10 2019

Դատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է քրգործ հարուցել․ Փաստինֆո

Դատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է քրգործ հարուցել․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Դատավոր Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպի գործով այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց փաստաբան Հրանտ Անանյանի կողմից ներկայացված բողոքի գործով դատական նիստը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը կողմերին տեղեկացրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրենց իրավունքի մասին՝ դատավարության կողմերին տեղեկացնելով, որ նրանցից յուրաքանչյուրի հետ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ:

Իսկ դեպքի օրը հեռուստացույցով տեսնելով Դավիթ Բալայանի հետ կապված միջադեպը զանգահարել, հետաքրքրվել է նրա որպիսությամբ: Միաժամանակ նա հայտարարեց, որ նշված հանգամանքները իրեն չեն կաշկանդում գործով անկողմնակալ, անաչառ եւ օբյեկտիվ որոշում կայացնելու համար։Այս հանգամանքի վերաբերյալ ՀՔԾ քննիչ Մինասյանը իր մտահոգությունն արտահայտեց՝ նշելով, որ դատավոր Հարությունյանը չի կարող անաչառ լինել: Քննիչի այս հայտարարությանը միացավ նաև դատախազ Շահբազյանը:

Իսկ դատավոր Դավիթ Բալայանի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը նշեց, որ աշխատանքային հարաբերությունները չեն կարող անդրադառնալ դատական ակտի օբյեկտիվության վրա և ինքնաբացարկի հիմքեր առկա չեն:

Թեև քննիչը և դատախազը մտահոգություն արտահայտեցին, սակայն րոպեներ անց էլ հայտարարեցին, որ իրենց մտահոգությունը ինքնաբացարկի հիմք չէ, որ նախագահ դատավորին ինքնաբացարկ չեն հայտնում:

Այս պահին դատական նիստը 5 րոպեով ընդմիջվել է, վերսկսելուց հետո փաստաբան Անանյանը կներկայացնի բողոքը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-հրահանգով դատարանների արգելափակման օրը՝ մայիսի 20-ին, դատավոր Դավիթ Բալայանը փորձել էր մուտք գործել դատարանի շենք, սակայն նրան թույլ չէին տվել և հարվածել էին՝ գետնին տապալելով նրան։

Դեպքի վերաբերյալ դատավորի փաստաբանը ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում, ինչը սակայն ՀՔԾ-ն առանձին քննարկման առարկա չէր դարձրել, եւ տվյալ օրվա վերաբերյալ այլ հաղորդումների հետ միասին մերժել քրեական գործի հարուցումը, ինչի դեմ փաստաբանը ներկայացրել էր բողոք։

Հունիսի 27-ին Դատախազությունը մերժել էր նրա բողոքը, ինչից հետո փաստաբանը դիմել էր դատարան՝ պանաջելով վերացնել քննիչի որոշումը եւ հարուցել քրեական գործ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ