28  10  2019

Բացահայտվել են պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր. ԱԱԾ

Բացահայտվել են պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ շահադիտական նպատակով օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու առերևույթ դեպքեր: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Համաձայն ստացված փաստական տվյալների՝ ՀՀ երկու քաղաքացիներ 2018 թ. հունվարից մինչև 2019 թ. հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրացնելու նպատակով կեղծել են պաշտոնական փաստաթղթեր՝ տեխզննման կտրոններ և հեղուկ գազի բալոնների շահագործման թույլտվություններ, որոնք իրացրել են օտարերկրացիներին հենց ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում՝ համապատասխանաբար  15.000 և 5.000 ՀՀ դրամով, սակայն 2019 թ. հոկտեմբերի 4-ին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում:

Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ