25 10 2019

ՀՔԾ-ում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության պետը․ Tert.am

ՀՔԾ-ում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության պետը․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Tert.am–ի տեղեկություններով՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը (լուսանկարում՝ ձախից առաջինը):

Այս գործի շրջանակում նախօրեին հարցաքննվել էին 2 բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ կասկածյալի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ