25  10  2019

Հանրային քննարկում՝ ՄԻՊ 2020-22թթ․ գործողությունների թեմայով

Հանրային քննարկում՝ ՄԻՊ 2020-22թթ․ գործողությունների թեմայով

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու:

Միջոցառմանը մասնակցել են պետական ու հասարակական հատվածը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Փոխնախարար Գրիգորյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Ռազմավարության հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ Ռազմավարության մշակման գործընթացում Նախարարությունը եղել է անկեղծ և ազնվորեն գնահատել է իրավիճակը՝ վեր հանելով բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Փոխնախարարը հավելել է նաև, որ միայն խնդիրների հետ առերեսվելով է հնարավոր նախանշել առաջիկա տարիներին դրանց լուծման ճիշտ ուղիները:

Ամփոփելով բացման խոսքը՝ Քրիստինե Գրիգորյանը միաժամանակ շնորհավորել է մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ հանրությանը Հայաստանը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու առթիվ՝ ընդգծելով, որ դա ևս մեկ քայլ է առ այն, որ Հայաստանն իրավունք սպառող երկրից վերածվում է իրավունք ստեղծող պետության: Այդ փաստը հետագա իրենց խոսքում բարձր են գնահատել նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:

Հաջորդիվ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ