25 10 2019

Աննա Դանիբեկյանի որոշումից հետո իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը. Էլինար Վարդանյան

Աննա Դանիբեկյանի որոշումից հետո իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրել է. «Հայաստանը մտել է իրավական նոր՝ ռեպրեսիվ իրականություն և շատ սուր է կանգնած դիմադրության և դրա հաղթահարման խնդիրը: Առկա և սպասվելիք մարտահրավերներն ու լուծումներն օրերս «Այլընտրանքային նախագծեր խումբ» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների կողմից համատեղ կազմակերպած քննարկման հիմնական օրակարգն էր: Բավական ներկայացուցչական կազմով քննարկման արդյունքում ձևակերպվեցին մի քանի մոտեցումներ, որոնք կարող են անհրաժեշտ քայլ լինել երկրում օրեցօր խորացող իրավական կամայականությունների և ռեպրեսիվ փուլի կանխարգելման համար: Հրատապ խնդիր է իրավապաշտպանության նոր մեխանիզմների ստեղծումը. ժամանակն ապացուցեց, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր նրանցից շատերը ստանձնել են մեղադրողի ֆունկցիա: Իսկ իրավաբանների թիվը, որոնք պատրաստ են կարծիք հայտնել, չի գերազանցում մի քանի տասնյակը: Անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի իրավապաշտպանների, փաստաբանների, իրավաբանների նոր շերտ, որոնք իրավունքի, սահմանադրականության, ժողովրդավարության կրողներ են, պատրաստ են դիմագրավել ամենօրյա ռեժիմով ավելացող մարտահրավերներին: Այդ նպատակով ստեղծվել է իրավական նոր հարթակ: Myvoice.am կայքը նախատեսված է որպես հարթակ, որտեղ բարձրաձայնվելու են իրավական խնդիրները և որի միջոցով հնարավոր կլինի ապահովել իրավական աջակցություն: Այսօրվա պայմաններում իրավական համայնքի համախմբումը պարտադրված անհրաժեշտություն է. Արտահայտվելու համարձակությունը պահպանած իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները, ինչպես նաև լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է միավորվեն, հակառակ դեպքում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն: Պետք է ձևավորվի նոր առողջ քաղաքացիական հասարակության կառույցներ, քանի որ գոյություն ունեցողների մեծ մասը «Նոր Հայաստանում» շարունակում են պայքարել «Հին Հայաստանի դեմ»։ Վստահ եմ, որ այսօր սուր է դրված իրական անկախ արհմիությունների ստեղծման անհրաժեշտությունը. ես մնում եմ իմ համոզմանը, որ այսօր հատկապես կարևոր է դառնում գործուն, իրապես շահերի պաշտպանություն ապահովող արհմիությունների գոյությունը: Իշխանություններին հասկանալի պատճառներով դա ձեռնտու չէ: Բայց ուժեղացող ռեպրեսիվ ուղղորդվող մեքենայի դեմ պայքարելու գործում, արհմիությունները կարևոր դեր են խաղալու տեղերում սեփական իրավունքների պաշտպանության համար։ Myvoice.am կայքում գործելու է օնլայն արհմիություն, որը լինելու է արդյունավետ միջոց, գործիք՝ խախտված իրավունքների պաշտպանության համար: Պատմության համար կարևոր է հասկանալ՝ ո՞րն էր ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը. կան տարբեր տեսակետներ՝ մայիսի 20՞, երբ շրջափակվեցին դատարանների մուտքերը, կամ դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումների գործադրման օրը, կամ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցման օրը և այլն։ Ես առավել հակված եմ այդ չարաբաստիկ օրը համարել սեպտեմբերի 17-ը, երբ Աննա Դանիբեկյանի կողմից անտեսվեց ՍԴ որոշումը: Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ: Ցավում եմ, բայց սա դարձավ Հայաստանի ամենասուր մարտահրավերներից մեկը: Որոշ ժամանակ հետո, չի բացառվում, որ տոնացույցի այդ օրը նշվի հակաիրավականության կամ իրավական կամայականության օր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ