22  10  2019

Նիստը հետաձգվեց․ Արսեն Բաբայանին չեն տեղափոխել դատարան

Նիստը հետաձգվեց․ Արսեն Բաբայանին չեն տեղափոխել դատարան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց։ Նրան դատարան չեն տեղափոխել։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17։40-ին։

«24 ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել։ Դատավորը պետք է հանձնարարեր վարույթն իրականացնող մարմինին  ներկայացնել կասկածյալին, ինչը չի արվել»,–հայտարարեց Վարոսյանը։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պնդում է՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է։

«Քաղբանտարկյալ է հենց այն կետով, որ նա այս պայմաններով չէր կարող ազատությունից զրկված լինել, հիմքը չկար: Դա ինքնին չէր նշանակի քաղաքական բանտարկյալ, եթե քաղաքական էլեմենտ չլիներ, իսկ քաղաքական էլեմենտն ակնհայտ է, դա իշխանությունների, կարծեմ` ակնհայտ ձևով հայտարարված, վկայակոչված քաղաքականությունն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ձերբազատվելու և Սահմանադրական դատարանը վերահսկողության տակ վերցնելու»,-ասաց Մելիքյանը` ընդգծելով, որ շատ հստակ քաղաքականություն է իրականացվում Հրայր Թովմասյանի նկատմամբ «կոլցո» օպերացիա իրականացնելու համար:

«Քանի որ ՔՕ 314 հոդվածը համաներման հոդված է, ես մի բան նշեմ` անկախ ամեն ինչից, եթե մեղադրանքն առաջադրվեր 314-ով, ինչպես կասկածն է առաջադրվել, եթե անգամ այդ գործը հասներ դատարան, դատարանն այդ անձին դատապարտեր, որևէ բացասական հետևանք Արսեն Բաբայանի ազատության համար սա չէր կարող առաջացնել: Արսեն Բաբայանին չպետք է ձերբակալեին։ Ես ակնկալում եմ, որ մենք մի օր վերջ ենք տալու մեր` գնալով ցածրության նոր մակարդակներ գրանցող իրավական մշակույթի քանդման պրոցեսին: Ես հույս ունեմ, որ դա դեռ հնարավոր է»,-նշեց իրավապաշտպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ