17 10 2019

Դատարանն անվավեր է ճանաչել տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան»

Դատարանն անվավեր է ճանաչել տեսչական մարմնի որոշումը. «Լիդիան»

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը: Այս մասին հայտնում են «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունից։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:

ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ