10  10  2019

Գործադիրը հավանության արժանացրեց անցումային արդարադատության նախագիծը

Գործադիրը հավանության արժանացրեց անցումային արդարադատության նախագիծը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ

Կառավարությունը հավանության արժանացրեց Արդարադատության նախարարության մշակած ևս մեկ կարևոր փաստաթուղթ՝ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրերի նախագիծը։

Ռազմավարությունը նախագծվել է՝ հիմք ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը: Այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:

Ռազմավարությամբ ամրագրել ենք հետևյալ նպատակները՝

էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում.

Էլեկտրոնային արդարադատության հարթակը թվային այն ռեսուրսն է, որը հնարավորություն կտա քաղաքացիական, քրեական, վարչական ու սնանկության գործերով վարույթները թվայնացնել, կմիավորի արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմարանները, կհանդիսանա իրավապահ, դատական և իրավակիրառ մարմինների միջև բոլոր գործերով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, որտեղ էլեկտրոնային աշխատասենյակ կունենան և իրենց գործառույթներն էլեկտրոնային եղանակով կիրականացնեն վարույթների բոլոր մասնակիցները։ Արդյունքում կնվազի վարչարարությունը, ժամանակի ու ֆինանսական ռեսուրսների կորուստը, ակահովվի միասնական վիճակագրության վարումը, քրեական, քաղաքացիական, վարչական ու սնանկութան գործերով կձևավորվեն թվային արխիվներ։

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում.

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով նախատեսում ենք 2020 թվականի առաջին եռամսյակին ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որը Ռազմավարության մեջ նշված է որպես անկախ, ինքնավար մարմին։

Փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝

ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ,

բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,

գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,

դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ,

ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված կլինեն փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

Սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում.

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է Կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը և այլն (վերպետական կառույցների ընդունած որոշումների տեղը մեր իրավական համակարգում, Սահմանադրական դատարանի պատշաճ և բնականոն գործունեությանը խոչընդոտող հնարավոր սահմանադրաիրավական փակուղիների վերացումը, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության և նշանակման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների դադարեցման կարգը և այլն)։

Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում.

Ռազմավարությունը որդեգրել է բավականին հավասարակշռված մոտեցում դատավորների բարեվարքությանը ներկայացվող խիստ պահանջների և դատավորներին տրամադրվող առավելությունների իմաստով: Մասնավորապես, այն մի կողմից բարձր նվիրվածություն, հաշվետվողականություն և անաչառություն է պահանջում դատավորներից՝ միաժամանակ ներդնելով այդ հատկանիշներին չհամապատասխանող դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունները դադարեցնելու գործիքներ։ Մյուս կողմից, այն դատավորները, ովքեր կհամապատասխանեն հասարակության բարձր ակնկալիքներին, կապահովվեն իրենց աշխատանքին համարժեք աշխատավարձով և կենսաթոշակով, իրենց բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ աշխատակազմով, շենքային և նյութատեխնիկական պայմաններով։

Ռազմավարության մեջ ամրագրված մոտեցումների համաձայն՝ դատավորների բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Դատավորները մշտապես անցնելու են նման գնահատման միջով՝ վարքագծի կանոնի յուրաքանչյուր ենթադրյալ խախտման համար կարգապահական վարույթի շրջանակներում։

Իրավապահ համակարգի բարեփոխում.

Արդարադատության համակարգի առողջացման նպատակով կարևոր է ապահովել, որպեսզի իրավապահ համակարգն իր կառուցվածքով, գործունեության սկզբունքներով և մասնագիտական ներուժով համապատասխանի արդարադատության նոր հայեցակարգի տեսլականին։ Բարեվարքության գնահատման չափանիշները պետք է կիրառվեն ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։ Բացի այդ, նախատեսվել է զարգացնել դատախազների և քննիչների կարողությունները՝ կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական և այլ հանցագործությունների քննության, էլեկտրոնային ապացույցների հետ աշխատելու, պետական շահերի ոչ քրեադատավարական միջոցներով պաշտպանության և այլ բնագավառներում, քննարկել դատախազների և քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացման և նրանց թվակազմի ավելացման հարցը և մի շարք այլ հարցեր:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծում:

Ռազմավարական այս նպատակի համատեքստում նախատեսվում է պետական որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։ Նպատակն է ոչ միայն հնարավորինս հարմարավետ դարձնել քաղաքացիների կողմից հայցվող հիմնական ծառայությունների մատուցումը, այլև բացառել դիմումի քննարկման արդյունքում որոշում կայացնող և դիմող հարաբերությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ