08 10 2019

ՍԴ դատավորը պարտավոր չէ բացատրություն տալ. Արևիկ Պետրոսյան․ 168.am

ՍԴ դատավորը պարտավոր չէ բացատրություն տալ. Արևիկ Պետրոսյան․ 168.am

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը պատասխանել է 168.am-ի հարցերին

– Տիկին Պետրոսյան, Ազգային ժողովը 2019 թվականի հոկտեմբեի 4-ին դիմել է Սահմանադրական դատարան` Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Դիմումն արդեն մուտքագրվե՞լ է Սահմանադրական դատարան:

– Այո, դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել երեկ` հոկտեմբերի 7-ին:

– Ի՞նչ տրամադրվածությամբ եք ընդունել հիշյալ դիմումի փաստը:

– Խոսք չի կարող լինել որևէ տրամադրվածության մասին: Սահմանադրական դատարան մուտքագրվող ցանկացած դիմում քննության առարկա է դառնում սահմանված իրավական ընթացակարգերով, ժամկետներում և ենթակա է նախնական ուսումնասիրման: Գործն ընդունվում է վարույթ, եթե, իհարկե, առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր:

– Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարան դիմել է Ազգային ժողովը և բարձրացված հարցը դարձել է հանրային քննարկման առարկա:

– Սահմանադրության համաձայն Սահմանադրական դատարան կարող են կոնկրետ հարցերով դիմել մեկ տասնյակից ավելի սուբյեկտներ, այո, այդ թվում`Ազգային ժողովը: Եթե միայն վերջին մեկ տարվա վիճակագրությանն անդրադառնանք, ապա հարյուրից ավել դիմումներ են մուտքագրվել Սահմանադրական դատարան: Դիմել են ֆիզիկական և իրավաբանական անձինք, Ազգային ժողովը, Կառավարությունը, Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները: Այդ դիմումների մի մասով գործերի քննությունը մերժվել են, մի մասով` գործերն ընդունվել են քննության և կայացվել համապատասխան որոշումներ, մի մասով` դեռ ընթացքի մեջ են: Ազգային ժողովի վերջին դիմումը ևս այս շարքում է:

– Թե Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ և թե դրանից հետո քաղաքական, հասարակական, իրավապաշտպան որոշակի շրջանակներ կոչերով, հորդորներով, մի մասը վստահություն, մեկ այլ հատված անվստահություն հայտնելով դիմում են Ձեզ` Սահմանադրական դատարան դատավորներին: Ինչպե՞ս եք ընդունում այդ ամենը: Համարում ե՞ք այն միջամտություն Ձեր գործունեությանը:

– Խնդրանք` ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու որևէ կոչերից, հորդորներից: Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ղեկավարվելով բացառապես Սահմանադրությամբ և օրենքին համապատասխան: Ինչ վերաբերում է միջամտությանը` Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն ունեն հստակ կարգավորումներ:

Մասնավորապես, Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ