03 10 2019

Արսեն Բաբայանը հերթական անգամ դատի կտա ԱԺ աշխատակազմին

Արսեն Բաբայանը հերթական անգամ դատի կտա ԱԺ աշխատակազմին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Babayan Consulting ընկերությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսելու։ Նա գրում է․

«ԱԺ աշխատակազմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Սահմանադրությունը և Տեղեկատվության ազատության մասին օրենքը

Babayan Consulting ընկերությունը ԱԺ աշխատակազմի աշխատողների զանգվածային ազատումների գործընթացի օրինականության, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախագահի Կ-233-Ա կարգադրությամբ առաջացած հետևանքների, այդ թվում պետությանը պատճառված նյութական վնասների բազմակողմանի և ամբողջական ուսումնասիրության նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 2-ին դիմել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին պահանջելով տեղեկություններ։

Մասնավորապես, պահանջվել է մի շարք իրավական ակտերի պատճեններ և տեղեկություններ այն մասին, թե՝

- 2019 թվականի օգոստոսի 9-ից մինչ օրս որքան աշխատանքային պայմանագիր է կնքվել Աշխատակազմում, և դրանցից քանիսն են լուծվել գործատուի նախաձեռնությամբ,

- 2019 թվականի օգոստոսի 9-ից մինչ օրս զանգվածային ազատումների հետևանքով որքան է կազմել վերջնահաշվարկների ընդհանուր գումարը։

Աշխատակազմից 10․09․2019թ-ին պատասխան գրությամբ հայտնել են, որ հրաժարվում են տրամադրել պահանջված իրավական ակտերը։ Աշխատակազմն այդպիսով սահմանափակել է Սահմանադրությամբ երաշխավորված անձի տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքը։

Նույն գրությամբ հայտնվել է, որ «Վերջնահաշվարկներին առնչվող Ձեր հարցադրմանը կպատասխանենք օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում՝ պահանջվող նյութի ծավալի և դրա մշակման համար անհրաժեշտ տևական ժամանակի պատճառով»։

Այսօր, 2019 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 20։00-ի դրությամբ, այսինքն` 30 օր անց, ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները։

Աշխատակազմը ցուցաբերելով անգործություն՝ խախտել է Սահմանադրության և Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները։

Babayan Consulting ընկերությունը պատրասվում է հերթական, արդեն թվով 4-րդ, դատական հայցը ներկայացնել ընդդեմ ՀՀ ԱԺ աշխատակազմի։

Միաժամանակ ձեռնարկելու ենք ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին վարչական պատասխանատվության (տուգանքի) ենթարկելու գործընթաց։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հորդորում ենք պատշաճ կերպով հետևել իր ենթակայության տակ գտնվող պետական հիմնարկի գործունեությանը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկել այդ կառույցի ղեկավարին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ