30 09 2019

Սա վախի մթնոլորտ ձևավորել է, ամեն ինչ արվում է, որ ոչ ոք իշխանությունների դեմ չխոսի. փաստաբան

Սա վախի մթնոլորտ ձևավորել է, ամեն ինչ արվում է, որ ոչ ոք իշխանությունների դեմ չխոսի. փաստաբան

«Շատ լուրջ խնդիր կա որակման մասով, որովհետև պետք է խնդիրը դիտարկել նախապատմությունից»,- «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյան և Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը։

Փաստաբանը շեշտում է՝ նախ, անթույլատրելի է դատարանի վրա որևէ ճնշում, առավել ևս , երբ խոսքը վերաբերում է գործադիր մարմնին։  «Պետք է հասկանալ, որ երբ Պանդորայի արկղը բացում ես, հետևանքներին պետք է պատրաստ լինել։ Հիմա, երբ գործադիր մարմինը  որոշակի գործողություններ է ձեռնարկում, ճնշումներ է գործադրում դատարանների նկատմամբ,   կարծում եմ՝ գիտակցում է, որ իրավունք չունի դա անել, բայց  դա անում է, այսինքն, միայն արտահայտությունները  չեն, որ կարևոր են։ Մենք գիտենք, որ շատ մեծ ճնշումներ եղան դատավորների վրա, կոչ հնչեց վարչապետի կողմից՝ փակել դատարանների մուտքերը ,խոսքը գնում է նաև ՍԴ-ի մասին։ Նաև բռնություն գործադրվեց դատավորների նկատմամբ,  և ոչ ոք պատասխանատվության չենթարկեց, ավելին, եղավ հայտարարություն, որ այդտեղ պատժելի արարք , ընդհանրապես չկա»,-ասաց փաստաբան Սահակյանը՝ նկատի ունենալով դատավոր Դավիթ Բալայանի և ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ տեղի ունեցած միջադեպերը։ Մի դեպքում, դատարանների արգելափակման օրը ցուցարարները խոչընդոտեցին դատավոր Բալայանի մուտքը դատարան և վերջինիս նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրեցին՝ դատավորն ընկավ, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին ցուցարարները շրջափակման մեջ էին վերցրել, երբ նա դուրս էր գալիս ՍԴ շենքից և տարբեր վակարկումներով պահանջում էին նրա հրաժարականը։

Լուսինե Սահակյանն ընդգծում է՝  այդ ամենից բացի,  երկրի ղեկավարը  շարունակաբար «վնգստացող դատավորներ» արտահայտությունն է անում դատավորների վերաբերյալ, ինչն անթույլատրելի է, բայց միևնույն ժամանակ, խնդիրն այն է, որ այս դեպքում արտահայտությունը սովորական է դիտարկվում։ «Իսկ  ի՞նչ են արել երիտասարդները։ Նրանք ընդամենը այդ արտահայտության հետ կապված  հարց են ուղղել։ Նրանք չեն ասում, թե դատավորը «վնգստացող» է, այլ ընդամենը հարց են ուղղում՝ Դուք ա՞յս դատավորն եք»,-նշում է Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ թեև երիտասարդների գործողություններն էլ  իր համար ընդունելի չեն, բայց, մի բան է ընդունելի չլինելը, մեկ այլ բան՝ քրեորեն պատժելի արարք լինելը։

Փաստաբանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փորձել պարզել, թե  իր երկրում արդարադատությունն ով  է իրականացնում  և  եթե խոսում են, որ ժողովրդի իշխանություն մասին, ապա բնականաբար  այդ երիտասարդներն էլ ժողովրդի մի մասն են կազմում. «Թե՞ ժողովուրդը միայն նրանք են, ովքեր սատարում են իշխանությանը։ Ժողովուրդ են նաև այն անձինք, ովքեր դեմ են իշխանությանը և նրանք էլ իրավունք ունեն իմանալու, թե  ով է արդարադատությունն իրականացնում մեր երկրում։ Հիմա, եթե երկրի ղեկավարն ասում է, որ կան «վնգստացող դատավորներ» երիտասարդները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք  այդ դատավորը այդ շարքին է դասվում։ Բնականաբար, այս մեթոդն ինձ համար անընդունելի չէ, բայց  վարչապետը նման հայտարարություն չպետք է  աներ՝ հնարավորություն չտալով, որպեսզի նման  հարցեր ընդհանրապես չծագեին։ Առավել ևս, ԲԴԽ նախագահը  այդ մասին չպետք է խոսեր, դա խայտառակություն է»։

«Փաստինֆո»-ի  հետ զրույցում, ի դեպ, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը վարչապետի այս հայտարարությունը համարել էր քաղաքական ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը այս կապակցությամբ  հարցրեց.«Այդ դեպքում, բա տղաների հարցը ի՞նչ է, մարդիկ հայտարարություն չեն արել, հարց են հնչեցրել։ Կրկնում եմ՝ դատարանները պետք է լինեն անկախ և անկաշկանդ, նրանց նկատմամբ որևէ ճնշում չպետք է լինի, բայց այս ամենը եկավ երկրի վարչապետից։ Ինչո՞ւ,  օրինակ, նույն Բեքմեզյանը դա համարում է քաղաքական հայտարարություն, իսկ հարցը չի համարում, այսինքն, կա  տարբերակված՝ խտրական մոտեցում, ինչն անընդունելի է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ