25 09 2019

Համայնքապետի հայրը պետությանը 7․5 մլն դրամի վնաս է պատճառել․ ոստիկանություն



Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հետևյալը։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու Շողակաթ համայնքների վարչական տարածքում, ինչպես և շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի տարածքում կազմակերպել և իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն։

Մասնավորապես արդյունահանել է լիցենզավորման ենթակա 1200 խորանարդ մետր ավազ և 1000 խորանարդ մետր հող, որոնք ընդհանուր շուրջ 6․200․000 դրամով իրացրել է։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է 7․550․000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ Ճամբարակ ու Շողակաթ համայնքների ղեկավարները, ինչպես և «Սևան ազգային պարկի» Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ թույլատրելով, որ Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը զբաղվի ավազի և հողի արդյունահանման ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ