25 09 2019

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է այն՝ գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

Քրդատ-ի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ»։

Հիմք ընդունելով սա՝ Փաստաբանական թիմը գտել է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող բեկանել Ռ․ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը և ուղարկել այն նույն դատարան։ 2019 թ․ մայիսին Սահմանադրական դատարանը, քննության առնելով Քրդատ-ի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը, որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի օգտին։ ՍԴ-ի այս որոշումը դիտարկվում է որպես նոր հանգամանք, ինչից ելնելով էլ պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ