19  09  2019

ԵԱՏՄ պետություններից կեղծ փաստաթղթերով ապրանքների ներկրումը կանխվել է

ԵԱՏՄ պետություններից կեղծ փաստաթղթերով ապրանքների ներկրումը կանխվել է

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհատ ձեռնարկատեր Կ. Ե.-ի անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող տարբեր տեսակի ապրանքների և  դրանք ուղեկցող փաստաթղթերի միջև առկա են անհամապատասխանություններ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վարչության թիվ 3 բաժնի աշխատակիցները, իրացնելով տվյալները,  ՀՀ պետական սահմանը հատելուց հետո զննության են ենթարկել բեռնատարը: Պարզվել է, որ բեռն ուղեկցող փաստաթղթերում նշված 922 արկղ կոսմետիկ պարագաների փոխարեն առկա է 1.542 արկղ: Բացի այդ, առանց ուղեկցող փաստաթղթերի բեռնատարում եղել է նաև բնականին նմանվող մորթուց կարված 93 մուշտակ։ Պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրում նշված ապրանքների 495 հազար ռուսական  ռուբլի արժեքը չի համապատասխանում իրականությանը, այլ բեռնատարում փաստացի առկա են եղել 5 միլիոն 870 հազար ռուսական  ռուբլի արժեքով ապրանքներ՝ հաշվի չառնելով 93 մուշտակի արժեքը։

Ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս։ 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշված ապրանքներն առգրավվել են: Միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներկրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին և ֆիզիկական անձանց հորդորում է ապրանքների ձեռք բերման գները, քանակը և տեսականին փաստաթղթերում նշել իրականությանը համապատասխան և  ներկայացնել ճշգրիտ տվյալներ՝ հետագա հարկային հսկողությունից և խիստ վարչարարությունից խուսափելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ