09  09  2019

Դատախազությունը պետք է սովորի, որ երբեմն պարտվում է. Արամ Օրբելյան



«Երբ Սահմանադրական դատարանը սևով սպիտակի վրա ասում է, որ 27-րդ հոդվածը խախտվել է, մեկ է՝ դատախազությունը տալիս է հաղորդագրություն, թե ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է, նախագահը կալանավորվել է, ինչը չի բխում նրա կարգավիճակից»,- Yerevan Today-ի հետ հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի աբագ խորհրդատու Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՍԴ հայտնի որոշումների վերաբերյալ գլխավոր դատախազության արձագանքին։

«Դատախազությունը պետք է սովորի, որ երբեմն ինքը պարտվում է։ Ոչ թե սա պարտվել-հաղթելու խնդիր է, ինքը պետք է սովորի, որ իր պարտությունը ՀՀ հաղթանակն է։ Իր պարտությունը նշանակում է, որ ինչ-որ խախտում չշարունակվեց»,- ասաց փաստաբան Օրբելյանը՝ հավելելով․ «Պետք է այստեղ՝ դատախազությունում և իրավական համակարգում լինի բարեփոխում»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

ՍԴ-ն որոշեց․ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, սահմանադրագետները և շատ իրավաբաններ պնդում են, որ պետք է Ռոբերտ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի։ Երկրորդ նախագահը, սակայն, շարունակում է պահվել կալանքի տակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ