07 09 2019

ՍԴ որոշումը Մարտի 1-ի գործը պայթեցնող ականներից մեկն է․ Նորայր Նորիկյան

ՍԴ որոշումը Մարտի 1-ի գործը պայթեցնող ականներից մեկն է․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կողմից այսօր հրապարակված որոշումը:

Տառացիորեն երկու օր առաջ տարակուսանք էի արտահայտել այն մասին, թե արդյո՞ք օրենքի բացն ինքնին ենթադրում է օրենքի հակասահմանադրականություն, կամ այլ կերպ ասած, որևէ օրենքի որևէ հոդվածում որևէ նորմի բացակայությունը արդյո՞ք այդ հոդվածը դարձնում է հակասահմանադրական:Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը:Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ:Վերը նշվածի բովանդակային վերլությունից հետևում է, որ, այդուհանդերձ, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմանն է մնում հաստատեու կամ հերքելու, թե կոնկրետ դեպքում առկա՞ է արդյոք գործառութային անձեռնմխելիության առկայություն, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված այն ենթադրյալ արարքները, որոնք կատարել է վերջինս, արդյո՞ք բխել են իր սահմանադրական գործառույթների շրջանակից, թե՞ գտնվել են դրանից դուրս:

Բացի այդ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորող սահմանադրական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաև նախանշված չէ այդպիսի ընթացակարգ:

Բացի այդ, որոշմամբ փաստվել է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող:Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայումս գոյություն չունի որևէ մարմին, ով ունի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն, ինչպես նաև որևէ մարմնի կողմից սահմանված չէ այդ անձեռնմխելիությունը վերցնելու մեխանիզմ:Ավելի՛ն, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայումս գոյություն չունի որևէ ընթացակարգ, որը հնարավորություն կտար որևէ պետական մարմնի՝ գնահատելու համար, թե ՀՀ նախագահի այս կամ այն գործողությունը բխե՞լ է նրա կարգավիճակից, թե ոչ:

Այլ կերպ ասած, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ դատախազությունը և ո՛չ էլ դատարանը ներկա իրավակարգավորումների պայմաններում որևէ իրավասություն չունեն որոշելու հաար, թե Ռոբերտ Քոչարյանի այս կամ այն գործողությունը բխե՞լ է նրա կարգավիճակից, թե՞ ոչ:Սրանով հանդերձ, դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստի և կալանքի կիրառման իրավաչափությունը

:Այլ կերպ ասած, դատարանը հուշել է օրենսդիր մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան լրացում կատարել՝ սահմանելով հստակ կանոնակարգումներ սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութայաին անձեռնմխելիության առումով:

Թե ինչ զարգացումներ կլինեն աս գործընթացում, դեռևս վաղ է ասել, բայց որ այս որոշումը մարտի 1-ի գործն առնվազն Ռոբերտ Քոչարյանի մասով պայթեցնող ականներից մեկն է, արդեն համոզվեցի…Բայց այդ մասին զգուշացնում էինք արդեն մեկ տարի: Ասողին լսող է պետք:Դուք շարունակեք նույն տեմպով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ