27  08  2019

Առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. Ալումյան

Առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. Ալումյան

«Միֆ է այն, որ ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս օգտագործել Զինված ուժերը՝ ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով: Սա միֆ է: Եվ այսօր դատարանում քննվող քրեական գործը հիմնված է այս միֆի վրա: Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգատգործել Զինված ուժերը՝ ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- այսօր՝ օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով Չինաստանի, Նեպալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հյուսիային Իռլանդիայի, ԱՄՆ-ի  օրինակները, երբ Զինված ուժերն օգտագործվել են զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով:

Փաստաբանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունն ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով.

«Սահմանադրության 8.2 հոդվածով, որը գործել է այն ժամանակ, երբ Մարտի 1-ի դեպքերը տեղի են ունեցել, ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Այսինքն՝ Սահմանադրությունն առանձնացնում է անվտանգությունը՝ որպես մի խնդիր, պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունը երկրորդ խնդիր, սահմանների անձեռնմխելիությունը երրորդ խնդիր: Այսինքն՝ անվտանգությունն այլ իմաստ ունի, քան տարածքների ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Իսկ անվտանգությունը ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորությունն է: Ներքին անվտանգությունն, ի թիվս այլի, իր մեջ ներառում է նաև զանգվածային անկարգություններ, տեռորիստական ակտեր, էկոլոգիական աղետներ և այլն, և անվտանգության բաղադրիչներից մեկը, որը կարող է խախտվել, կարող է խախտվել զանգվածային անկարգությունների արդյունքում»,-ընդգծեց նա:

Հայկ Ալումյանը նաև մեջբերեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից 1993-ի փետրվարի 8-ին արձակված՝ զինված ուժերն արտակարգ դրության  ռեժիմում ներգրավելու մասին հրամանագրից հատվածներ, ըստ որի՝ Առաջին նախագահը հրամանագրի կատարման պարտականությունը դրել էր ներքին զորքերի, Ազգային անվտանգության պետական վարչության և պաշտպանության նախարարության վրա։

Ալումյանի խոսքով՝ նախագահի այս համաձայնագիրը գործել է 1996-ի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ մայրաքաղաքի փողոցներում տանկեր էին տեղակայված։

«Որոշակի տարբերություն կա 1996-ին և 2008-ին զորքերի օգտագործման միջև։ 1996-ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ և բախումներ չլինեն զորքերի և ցուցարարների միջև»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ