14 08 2019

Բացահայտվել են խոշոր խարդախության դեպքեր

Բացահայտվել են խոշոր խարդախության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներին վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից  խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ բնակչությանը վարկերի տրամադրման ծառայություններ մատուցելու պատրվակով ստեղծվել են մի շարք կազմակերպություններ, որոնք գործել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում և համացանցում «Վարկով.էյ եմ» /varkov.am/, «Վարկս.էյ եմ» /varks.am/ հղումներով ծառայություններ են գովազդել, մինչդեռ պարզվել է, որ նշված կազմակերպություններն իրականում վարկային կազմակերպություններ չեն. երբ անձը դիմել է նրանց, ընկերության ներկայացուցիչն անձին ուղեկցել է որևէ տեխնիկայի կամ շինանյութի խանութ և միջնորդ է հանդիսացել նրա անվամբ ապառիկով ապրանքներ ձեռք բերելու հարցում, որից հետո հայտնել են, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է ձեռք բերել խանութից գնված ապրանքները՝ վճարելով դրա արժեքի 65 տոկոսը: Ստանալով ապրանքները՝ խաբեությամբ քաղաքացիներին ամբողջությամբ կամ մասնակի չեն վճարվել այդ գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ կազմակերպության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ հոդվածի 2-րդ մասով (24 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (6 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով (4 դրվագ): Վարկերի տրամադրման համար կեղծ տեղեկանք տրամադրող ընկերությունների տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով /15 դրվագ/, մյուս 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325–րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է բնակչությանը զերծ մնալ նման գործարքներ կատարելուց, քանզի անձինք, իրենք իսկ համաձայնելով կատարել նման գործարքներ, ներքաշվում են հանցավոր սխեմայի մեջ, և վարկային ծառայություններ ձեռք բերելու համար դիմել միայն լիցենզավորված կազմակերպություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ