13 08 2019

338 մլն դրամ արժեքով տրանսֆորմատորը վատնման եղանակով հափշտակվել է ․ ՔԿ

338 մլն դրամ արժեքով տրանսֆորմատորը վատնման եղանակով հափշտակվել է ․ ՔԿ

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:  Ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից, մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի հափշտակությունը:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի թվով չորս աշխատակիցներ, հանդիսանալով ժամանակավորապես վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այն է՝ գնահատման հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Հյուսիսային» մասնաճյուղի տնօրենի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տեխնիկական վիճակի գնահատման համար հանձնաժողովին վստահված՝ «Բարձրավոլտ էլեկտրոցանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղին պատկանող «Վանաձոր 1» ենթակայանի Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորի գազային ռելեի գործի ընկնելու պատճառը պարզելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 04-ին կազմել և հաստատել են փաստացի գործող տրանսֆորմատորի տեխնիկական անսարքության, շահագործումից հանելու և այն դուրս գրելու ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեխնիկական ակտ:

Այնուհետև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետի տեղակալի կարգադրության համաձայն՝ տրանսֆորմատորը հանվել է շահագործումից, իսկ 2014 թվականի հունիսին դուրս է գրվել և ՀՀ կառավարության՝ 18.07.2013 թ. որոշման համաձայն՝ օտարվել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ որպես մետաղի ջարդոն 19.346.400 դրամով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված տրանսֆորմատորը հետագայում  օտարվել և տեղադրվել  է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող ՓԲ ընկերությանը պատկանող ենթակայանում ու առանց վերանորոգման աշխատանքների կատարման՝ 2018թ. ամռանը դրվել լարման տակ:

Արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերի՝ 338,120,370 ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով Տ-5 ՏՌԴՆ 40000/110/10 տիպի ուժային տրանսֆորմատորը հափշտակվել է վատնման եղանակով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետին և նախկին գլխավոր ճարտարագետի տեղակալ, ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ