12 08 2019

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը և «նոր» Հայաստանը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը և «նոր» Հայաստանը

Top-news.am-ը գրում է․ «Ո՞վ ենք  մենք եւ ո՞ւր ենք գնում: Լավ կլիներ, որ «նոր» Հայաստանի իշխանություններն իրենց այս հարցը մի քանի անգամ տային եւ փորձեին պատասխանել: Ի՞նչ են ուզում այս բազմաչարչար երկրից այսօրվա իշխանությունները, որոնցից շատերին նոր ասելը խիստ պայմանական է:

Ո՞վ են այս իշխանությունները եւ ի՞նչ են ուզում: Այս հարցադրումը վաղուց է հասունացել, բայց այն ավելի արդիական դարձավ Հայաստանի պատմության մեջ չտեսնված իրադարձությունից հետո: Դատախազությունը եւ դատավորներից մեկի համատեղ ապօրինությամբ խուզարկվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը, ընդ որում, առանց իր ներկայության:

Այս խայտառակությունից հետո իշխանությունները պետք է առավել մեծ ջանքեր գործադրեն հանրությանն ապացուցելու համար, որ իրենք իրոք փոփոխություններ եւ դրական փոփոխություններ են ուզում, եւ ոչ թե եկել են անձնական վրեժ լուծելու: 

Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ թե միայն մեկ նպատակ ունի՝ մեկուսացնել նրան, այլ շատ ավելի խորը նշանակություն: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին ցուցադրաբար պատժելով իշխանությունները, որոնք մեկ հայտարարում են, թե իրենք դատական իշխանության հետ որեւէ կապ չունեն, մեկ հայտարարում են, թե մի՞թե կա դատավոր, որ իրենց ասածը չանի, մեկ դատարանները շրջափակելու կոչե են անում, ընդամենը փորձում են խիստ եւ ամուր հսկողություն սահմանել բոլոր դատավորների նկատմամբ, նրանց դարձնելով իրենց կամակատարը, խամաճիկը:

Որակյալ, բարձրակարգ իրավաբանները պնդում են, որ Դավիթ Գրիգորյանի գործի հետ կապված թե ԲԴԽ-ի, թե Գլխավոր դատախազության, թե ՀՔԾ-ի գործողություններում առկա են «Քրեական օրենսգրքով» նախատեսված հանցակազմի տարրեր:

Պատկերացնում եք, թե ինչ խոցելի են ՀՀ քաղաքացիները, եթե դատավորի կարգավիճակ ունեցող մարդու հետ են նման կամայական վերաբերմունք ցուցաբերում:

Մեր հասարակությունը հիվանդ է, մեր հասարակությունը բուժման կարիք ունի: Հակառակ դեպքում մեզ 21-րդ դարը չի ընդունի եւ մենք որպես պետություն կփոշիանանք: Չի կարելի այսպես ցինիկ մոտեցում դրսեւորել: Տպավորություն է, որ նոր իշխանությունները պատկերացում անգամ չունեն, թե ինչ է դատական համակարգը:

Տխուր է, երբ ժամանակին խամաճիկ դատավորներին, իշխանություններին հլու, հնազանդ դատավորներին եւ դատախազներին քննադատողներն այսօր դառնալով պաշտոնյաներ հենցում են հենց նրանց վրա եւ փորձում ճնշել իրոք անկախ եւ արդար դատավորներին:

Բարեբախտաբար դեռ կան դատավորներ, որոնք չեն ենթարկվում աննախադեպ ճնշումներին, բայց դժվար է ասել, թե ինչ կլինի այս մարդկանց հետ. կհերիքեն նրանց նյարդերը, թե՞ ոչ:

Դատավորները, որոնց մեծ մասը նախկին իշխանությունների ժամանակ էլ առանձնապես սկզբունքային եւ անկախ չէին, չի բացառվում Դավիթ Գրիգորյանի դեմ սկսված արշավից հետո ավելի զգուշավոր դառնան՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Եւ այստեղ հարց է առաջանում՝ մի՞թե «հեղափոխական» իշխանությունների նպատակը հենց սա էր, հենց այսպիսի դատական համակարգն էր եւ հենց այսպիսի Հայաստանն էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ