31 07 2019

Չարաշահումներ Տավուշի ճանապարհի նորոգման նախագծերի գնման գործընթացում

Չարաշահումներ Տավուշի ճանապարհի նորոգման նախագծերի գնման գործընթացում

Պետական շահերի պաշտպանության իր լիազորությունն իրացնելու շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից /այսուհետ՝ Նախարարություն/ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների փաստաթղթերը: Այս մասին այտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նախարարության  եւ ՍՊ ընկերության միջեւ 29.11.2017թ. կնքվել է պայմանագիր, որը ներառել է նաեւ նշված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները: Այդ մասով պայմանագրի գինը կազմել է 14.4մլն ՀՀ դրամ:

ՍՊԸ-ի կողմից կազմվել է ճանապարհաշինական նորմերի էական խախտումներով պայմանագրային պահանջներին չհամապատասխանող աշխատանքային նախագիծ, համաձայն որի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմել է 2մլրդ 319մլն ՀՀ դրամ: Նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲ ընկերության կողմից 2018թ. փետրվարի 19-ին հաստատվել է ակնհայտ անհիմն փորձաքննության եզրակացություն, որի նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրված փաստերը չեն համապատասխանում արված հետեւություններին: Մասնավորապես՝ չնայած արձանագրվել է, որ նախագիծը չի համապատասխանում ճանապարհաշինական գործող նորմերին, այդուհանդերձ, երաշխավորվել է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքային նախագծի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին:

ՍՊԸ-ն 2018թ. փետրվարի 20-ին հանձնման-ընդունման նպատակով Նախարարությանն է հանձնել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքները, այդ թվում՝ նշված ակնհայտ անհիմն եզրակացությունը: Պայմանագրի պայմաններին էականորեն չհամապատասխանելու պարագայում նշված աշխատանքները 2018թ. փետրվարին Նախարարության կողմից ընդունվել են եւ դրա հիման վրա կատարվել է համապատասխան վճարում:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նախարարության ներկայացուցիչները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ կատարված աշխատանքները պայմանագրային պահանջներին էականորեն չհամապատասխանելու պայմաններում հանձնման-ընդունման արձանագրությունը չստորագրելու, վերջինս, ինչպես նաեւ դրա չստորագրման համար հիմք հանդիսացած բացասական եզրակացությունը սահմանված ձեւով հետ  վերադարձնելու, ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն պատշաճ կարգով չի ստուգվել առաջադրված պայմաններին կատարված աշխատանքների որակի համապատասխանությունը, պայմանագրի կատարման նկատմամբ իրականացվել է նախնական թերի հսկողություն, ինչի պայմաններում ՍՊԸ-ին անհիմն վճարվել է 14.4մլն ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ քննարկվող աշխատանքային նախագծի հիման վրա իրականացված ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների կատարման պետական գնման արդյունքում 2018թ. մայիսի 30-ին կնքվել է շինարարության իրականացման պայմանագիր, որի գինը կազմել է 1 մլրդ 298մլն ՀՀ դրամ եւ այն ներկայումս գտնվում է կատարման փուլում:

Նկատի ունենալով, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում առերեւույթ ստացվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում ծանր հետեւանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ վերը նկարագրված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ