22 07 2019

Հրայր Թովմասյանն ընդդեմ մեզ հայտնի ուժերի. Top-news.am

Հրայր Թովմասյանն ընդդեմ մեզ հայտնի ուժերի. Top-news.am

Top-news.am-ը գրում է.

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ ծավալուն հարցազրույց տալով անդրադարձել է նաեւ իր եւ Սահմանադրական դատարանի շուրջ հյուսվող տարօրինակ ծրագրերին:

Երբ մի կողմից լսում ենք նրանց, ովքեր թրերը հանած գոռում են, թե Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, եւ որ նա օրինակարգ, այլ կերպ ասած լեգիտիմ չէ, իսկ միակ լեգիտիմ դատավորը Վահե Գրիգորյանն է: Երբ լսում ես նրանց, ովքեր հայտարարում են, թե 2019-ին ՍԴ-ն պետք է համապատասխանի 2019-ին, իսկ դրանից հետո լսում Հրայր Թովմասյանին, ակամա սկսում ես հասկանալ, որ ամեն ինչ պետք է անել, որ նա շարունակի պաշտոնավարել:

Մի կողմից ամբոխային մտածողությամբ եւ ծրագրերով մարդիկ են, որոնց թվում է, որ ճիշտը միայն այն է, ինչը համապատասխանում է իրենց ցանկություններին, իսկ մյուս կողմում մարդ է, ով գիտակցում եւ հասկանում է, թե ինչ է պետությունը եւ Սահմանադրական դատարանը:

Ոչ, իհարկե Հրայր Թովմասյանը հրեշտակ չէ, անգամ սուրբ չէ, անգամ բազմաթիվ սխալներ եւ թերություններ ունի, բայց դրանով հանդերձ պետության շահերից է բխում, որ նա մնա իր պաշտոնում:

Եւ անկախ նրանից համակրում ենք Հրայր Թովմասյանին, թե ոչ, անկախ նրանից նախկինում հիացած էինք նրա գործելաոճով եւ հայտարարություններով, թե ոչ, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, որը մեզ հուշում է, որ այսօր Հրայր Թովմասյանը դարձել է պետության ամրոցի պաշտպաններից մեկը:

Հրայր Թովմասյանը խառնեց իշխանությունները խաղաթղթերը: Նա չվախեցավ եւ հրաժարական չտվեց: Հիմա էլ որոշ, այսպես կոչված, լրատվամիջոցներ, որոնք ավելի շատ հիշեցնում են իշխանություններին կից քարոզչաթեթրիկի, պնդում են, թե նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվելու անցյալում մնացած ինչ-որ միջադեպիկի կապակցությամբ:

Կրկին փորձում են ճնշել, քանի որ Ջհանգիրյան Գագոն եւ Նիկոլ Փաշինյանի մյուս խորհրդատուները վստահ են, որ իրենց նպատակներին կարող են հասնել բացառապես ճնշում գործադրելով եւ վախեցնելով: Նրանք հասկանում են, որ որեւէ հանրաքվեով Սահմանադրություն չեն կարող փոխել եւ իրենց ուզած ՍԴ-ն չեն կարող ստանալ:

Այս իրավիճակում Հրայր Թովմասյանն իրեն պահեց այնպես, ինչպես պետք է պահեր պետության ամենակարեւոր դիրքերից մեկը զբաղեցնող պաշտոնյան: Նա հասկացրեց, որ հիստերիկ ջղաձգումներն իր վրա չեն ազդելու եւ չեն կարող ազդել: Նա հասկացրեց, որ պետության շահն ավելին է, քան նեղ անձնական այսրոպեական նկրտումներն ու հաճույքները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ