19 07 2019

Գրավի միջնորդությունը 22 օր անց դեռ քննության չի առնվել․ Փաստաբանական խումբ

Գրավի միջնորդությունը 22 օր անց դեռ քննության չի առնվել․ Փաստաբանական խումբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է․

Հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Խուզարկություն է իրականացվել նաև դատավորի օգնականի և գործավարի աշխատասենյակներում, առգրավվել նրանց համակարգիչները, ինչի արդյունքում կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը։ Զուգադիպություն է թե ոչ, բայց դատավոր Գրիգորյանից նյութերը վերցրել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատարանների նախագահներին ու ԲԴԽ-ին, իսկ հիմնականը` դատավոր Արմեն Դանիելյանին, գրություն են ուղարկել, նշելով, որ իրենց կողմից ներկայացված գրավի միջնորդությունը պետք է անհապաղ քննվի։

Ավելին, այդ գործընթացի համար անհրաժեշտ նյութերը փաստաբաններն արդեն իսկ տրամադրել են դատավոր Դավիթ Գրիգորյանի կազմին։

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեռևս հունիսի 27-ին, սակայն մինչ օրս այն քննության չի առնվել։ Կից ներկայացնում ենք պաշտպանների նամակը և դատավոր Արմեն Դանիելյանի պատասխանը․

 

ՀՀ քրեական վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Պարոն Արմեն Դանիելյանին

 

Օրինակները՝

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Պարոն Դավիթ Գրիգորյանին

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

պարոն Վազգեն Ռշտունուն

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Պարոն Ռուբեն Վարդազարյանին

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Պարոն Արման Թաթոյանին

 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին

 

Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով

մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան՝

Փաստաբան Հովհաննես Խուդոյանից (հասցե՝ քաղաք Երևան, Չարենցի 1, գրասենյակ 207)

Հեռ․՝ 055 885 992

 

10.07.2019թ․

 Հարգելի՛ պարոն Դանիելյան

Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում Ձեր 25.06.2019թ․ որոշում եք կայացրել <Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին> Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20.05.2019թ. որոշումը բեկանել և թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործն ուղղարկել նույն դատարան նոր քննության:

Նույն որոշմամբ արձանագրել եք․

«․․․Այլ կերպ ասած, մեղադրյալ Ռ.Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում /դատավոր Դ.Գրիգորյան/:

․․․

Մինչդեռ, <Վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու և դատական նիստում քննության նշանակելու մասին> ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 07 հունիսի 2019թ. որոշմամբ` կոնկրետ դեպքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթ են ընդունվել` դատախազ Պ.Պետրոսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքները` <Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին> Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2019թ. որոշման դեմ, ինչպես նաև դատախազ Պ.Պետրոսյանի և տուժող Ա.Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի վերաքննիչ բողոքները` <Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման, կամ պահպանման հարցը քննության առնելու մասին> Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2019թ. որոշման դեմ:

Այլ կերպ ասած, կոնկրետ դեպքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթ են ընդունվել հիշյալ քրեական գործի շրջանակներում` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները․․․» [ընդգծումը մերն է]

 

 Նույն որոշմամբ արձանագրել եք

«․․․Ինչն ինքնին հիմք է առկա պայմաններում, սույն գործով վիճարկվող /գործն ըստ էության չլուծող/ դատական ակտը բեկանելու և թիվ ԵԴ0253/01/19 քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղղարկելու /ընդհատման պահից թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի քննությունը վերսկսելու և շարունակելու/ համար․․»

 

Ձեզ հաստատապես հայտնի է, որ Ձեր կողից բեկանվել է գործն ըստ էության չլուծող դատական ակտ և Ձեր որոշումը ուժի մեջ է մտել այն հրապարակելու պահից՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 101 կետի, 387-րդ հոդվածի և 394-րդ հոդվածի 2-րդ մասի:

Ձեր որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ Ձեզ նաև հաստատապես հայտնի է, որ քրեական գործը ներկայում գտվում է ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և ենթակա է վերսկսման ընդհատման պահից:

Մինչդեռ քրեական գործը առ այսօր չի վերսկսվել՝ նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերը Ձեր կողմից չեն վերադարձվել ընդհանուր իրավասության դատարան: Այդ անգործությունը Ձեր աշխատակազմի կողմից պատճառաբանվել է «գործավարության կանոններով», սակայն մեզ հայտնի չէ որևէ քրեադատավարական նորմ, որը կարող է իրավական հիմք հանդիսանալ Ձեր վարույթում չգտնվող քրեական գործի նյութերը պահելու, այդ կերպ՝ ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությանը խոչընդոտելու համար:

Խիստ տարակուսելի է գործի քննության ձգձգմանը նպաստող Ձեր անգործությունը այն դեպքում, երբ Ձեր կայացրած ակտում մեղադրյալի իրավունքների արդյունավետ իրացման փորձերը որակել եք որպես «գործի հնարավոր անհարկի ձգձգելուն ուղղված»:

 

Խնդրում ենք դադարեցնել դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը խախտող և արդարադատության էությունը խաթարող Ձեր անգործությունը և քրեական գործի նյութերը վերադարձնել ընդհանուր իրավասության դատարան՝ գործի քննությունը շարունակելու համար:

 

 Հարգելի պարոն Գրիգորյան,

 Վերոգրյալի հիման վրա Ձեզ կրկին խնդրում ենք ձեռնարկել գործողություններ քրեական գործի քննության բնականոն ընթացքը ապահովելու համար՝ նկատի ունենալով նաև, որ նույնիսկ Վերաքննիչ քրեական դատարանի անգործության պայմաններում արգելք չկա գործի քննությունը շարունակելու համար, քանի որ պաշտպանների կողմից դեռևս ս․թ․ հուլիսի 7-ին Ձեզ են ներկայացվել քրեական գործի նյութերը:

 

 Մյուս հասցեատերերին՝

 

Հարգելի պարոնայք,

Բարձրագույն դատական խորհրդի հարգելի անդամներ․

 

Խնդրում ենք Ձեր իրավասությունների սահմաններում միջամտել առաջացած խնդրին, ապահովել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի քննության բնականոն ընթացքը, դադարեցնել և հետագայում բացառել դատավարության մասնակիցների իրավունքների կոպիտ խախտումները:

  

Պաշտպան՝                                            Հ․ Խուդոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ