12  07  2019

Այս ամենն օրինական դաշտ վերադարձնելու ճանապարհ չկա․ Հայկ Ալումյան․ Փաստինֆո

Այս ամենն օրինական դաշտ վերադարձնելու ճանապարհ չկա․ Հայկ Ալումյան․ Փաստինֆո

«Սահմանադրական դատարանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մասամբ մերժմանը ես համամիտ չեմ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Հասկանալի է՝ ինչ փաստարկներ է բերել ՍԴ-ն՝ վարույթ չընդունելով, բայց դրանց հետ ես անձամբ համաձայն չեմ, եւ գտնում եմ, որ դրանց սահմանադրականության ստուգման անհրաժեշտություն կար, համենայն դեպս, հիմա ունենք այն, ինչ ունենք»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, իր հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ, որոշել էր մասամբ վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։  Վարույթ էր ընդունվել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի 1-ին մասի (Սահմանադրական կարգի տապալում)՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով, իսկ մերժվել էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը, ինչպես նաեւ՝ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցի քննությունը։

Հայկ Ալումյանը կայքի հետ զրույցում ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո՝ հունիսի 26-ին արդեն, գործը պետք է ուղարկվեր Առաջին ատյանի դատարան. «Բայց եթե առաջնորդվում ենք Արմեն Դանիելյանի՝ օրենքից չբխող մեկնաբանությամբ, ապա երեկ, ամենաուշը այսօր նա պետք է գործն ուղարկեր Առաջին ատյան։ Բայց օրենքը, տրամաբանությունը մի բան են, պրն Դանիելյանի գործողությունները արդեն տասը տարուց ավել է՝ բոլորովին ուրիշ»։

Հայկ Ալումյանը նշել է, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել, եւ ըստ նրա՝ Վճռաբեկում բողոքների քննության համար պարտադիր չէ, որ քրեական գործի ողջ նյութերը գտնվեն այնտեղ, իսկ մինչ դա, ըստ պաշտպանի, Առաջին ատյանի դատարանում պետք է վերսկսվի գործի քննությունը եւ պետք է քննվի իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը. «Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որոնցով Վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, բայց զուգահեռաբար գործը քննվել է Առաջին ատյանում»։

Այն, որ ՍԴ-ն պետք է քննի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը, ըստ Ալումյանի՝ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Առաջին ատյանում գործի քննության վրա. «Դա պետք է Վճռաբեկ դատարանին լրացուցիչ հուշի՝ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ստացվում է՝ կա հիմնավոր կասկած, որ հոդվածը, որով նա մեղադրվում է, հակասում է Սահմանադրությանը։ Դա պետք է հուշի, որ այդպիսի հոդվածով անձինք չի կարելի կալանքի տակ պահել»։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն այլեւս դուրս է օրինականության դաշտից. «Ցանկացած քայլ հիմա օրենքից դուրս է, հնարավոր չէ օրենքի մեջ մի քայլ պատկերացնել։ Դատավոր Դանիելյանը իրավունք չուներ այդ բողոքները վարույթ ընդունել, իրավունք չուներ այդ բողոքները համատեղ քննել եւ այդպիսի որոշումներ կայացնել։ Հիմա գոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար»,-ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ