09 07 2019

ՄԻՊ-ն առաջարկվում է ներդնել հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ

ՄԻՊ-ն առաջարկվում է ներդնել հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ։

Այն կապահովագրի բիզնեսին հակամենաշնորհային օրենսդրության խախտումներից եւ հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման եւ զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։

Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների եւ այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները․

  • սահմանել հակամենաշնորհային կոմպլեանսի (hակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը,
  • սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝

1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․

2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․

4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․

5) հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ:

  • սահմանել, որ հակամենաշնորհային կոմպլեանսն արդյունավետ ներդրած կազմակերպության նկատմամբ կնվազեցվեն իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Կից ներկայացվում է նախագիծը, որը հասանելի է հետեւյալ հղումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ