03 07 2019

Իրավապահները ուշադրությամբ պետք է հետևեն գործընթացին․սահմանադրագետ․ Panorama.am

Իրավապահները ուշադրությամբ պետք է հետևեն գործընթացին․սահմանադրագետ․ Panorama.am

Հարցազրույց  փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

Հարց- Պարոն Վարդևանյան, եկեք քննարկենք Վահե Գրիգորյանի «հայտնի ելույթը»։ Այն մասին, որ «գնում է ՍԴ ստանձնելու ՍԴ նախագահի պաշտոնը»։ Եղան քննարկումներ, տարբեր վերլուծություններ, հայտարություններ, որ դա հակասահմանադրական է, սկսվեցին Սահմանադրության տարբեր մեկնաբանություններ։ Մեզ մնում էր ուղղակի հետևել, թե ի վերջո ինչ Սահմանադրության կողմ է քվեարկվել... ու կրկին չհասկանալ )Արդյոք իրոք հակասահմանադրություն էր ՍԴ նախագահ ինքնահռչակումը և ուրեմն՝ արդյո՞ք կիրառելի է քրեական օրենսգրքի 300 հոդվածը (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` նույնպես պատժվում են ազատազրկմամբ` 10-15 ժամկետով):

Պատասխան- Այս փուլում դժվար է ասել արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշները ամբողջությամբ առկա են, թե ոչ, սակայն փաստ է, որ իրավապահները բավարար ուշադրությամբ պետք է հետևեն գործընթացին: Պատահական չէ, որ Օրենսդիրը հենց հատուկ նորմով, առանձին նույնիսկ դիտարկում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը: Ուսումնասիրելով Վահե Գրիգորյանի նամակը, այն առնվազն իրենից ենթադրում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի լույսի ներքո՝ Դատավորին ներկայացվող վարքագծի կանոնների առերևույթ խախտումներ, իսկ սահմանադրաիրավական տեսանկյունից որևէ առարկայական հարցադրում այնտեղ չի նկատվել, հետևաբար դրան բովանդակային անդրադառնալու անհրաժեշտություն նույնիսկ չեմ տեսնում: Հատկանշական է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մտահոգություն էր հայտնել, այս գործընթացում Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշների հնարավոր ի հայտ գալու մասին:

Հարց- Այսինքն՝ եթե այս «փորձը» հաջողի և ՍԴ դատավորներ կամ նույնիսկ մեկ դատավոր պետական, քաղաքական կամ այլ մարմինների կողմից ճնշման տակ հրաժարական տա, դա ևս կարո՞ղ է համարվել Սահմանադրությամբ չնախատեսված եղանակ՝ բխող հետևանքներով....

Պատասխան- Սահմանադրական դատարանը չպետք է նույնացնել այլ դատարանների հետ: Սահմանադրական դատարանը իր լիազորությունների ձևից և բովանդակությունից ելնելով վերիշխանական մարմին է, հետևաբար քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը Սահմանադրական դատարանին պարզապես արգելված է օրենքով և առհասարակ միջազգային փորձում էլ այն անընդունելի է: Ի վերջո չի կարող լինել որևէ ոտնձգություն դատավորի պաշտոնավարման անընդհատության նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ Ձեր թվարկածը դրանց մեջ որևէ կերպ չի ընդգրկվում, հետևաբար այն օրինական ճանապարհ երբեք չի կարող լինել: Հենց նման մոտեցումը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի: Բացի այդ Վենետիկի Հանձնաժողովը ևս այդ հանգամանքը կարևորել է, այդ թվում հենց Հայաստանի Հանրապետության մասով:

Հարց-Իսկ ճնշման տակ հրաժարված դատավորի փոխարեն նոր ընտրված դատավորներն ել ենթադրում եմ չի կարող համարվել լեգիտի՞մ

Պատասխան- Բնականաբար, ոչ օրինական, ոչ սահմանադրական ճանապարհով Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքի առկայությունը, այնուհետև դրա համալրումը չի կարող լինել օրինական: Նման իրավիճակում ենթադրյալ նոր դատավորը ունենալու է և լեգիտիմության և սահմանադրականության խնդիր: Կրկին պետք է արձանագրեմ, նման իրավիճակն է իրենից ենթադրելու սահմանադրական իրական ճգնաժամ: Մեկ իրավագետի կողմից ներկայացված մեկնաբանությունը, որի կապակցությամբ նույնիսկ իրավապաշտպանների համայնքից են քննադատողական կարծիք արդեն հայտնել, մեկնաբանություն որը առհասարակ որևէ քննադատության չի դիմանում, քանի որ աղերս չունի Սահմանադրական իրավունքի կամ սահմանադրականության հետ՝ չի կարող լինել սահմանադրական ճգնաժամի ենթադրյալ հիմք, այլ սահմանադրական ճգնաժամ կառաջանա Ձեր ներկայացրած իրավիճակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ