01 07 2019

Մարտի 1-ի գործով կարծիքը փոխած դատախազը մեդալ ստացավ



«Պարգևատրումն իմ աշխատանքի գնահատականն է անկախ նրանից, թե ինչ գործով եմ ես ներգրավված եղել, բոլոր գործերով ես աշխատում եմ իմ պարտականությունները պատշաճ կատարել»,- հուլիսի 1-ինլրագրողների հետ զրույցում ասաց մեդալով պարգևատրված ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող  դատախազներից է։

Դիտարկմանը՝ պարգևատրելը կապ ունի՞ նրա հետ, որ ինքը Քոչարյանի գործով դատախազներից է, նա արձագանքեց. «Ամենևին պետք չի փորձել այդ գործի հետ որևէ կապ տեսնել»:

Նշենք, որ հուլիսի 1-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալագրով պարգևատրվեց  ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը 2018 թվականի փետրվարի 23-ին կազմակերպված 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ բոլորովին այլ տեսակետ էր հայտնում։

Մասնավորապես, Դանիել Իոաննիսյանի հարցին՝ արդյո՞ք քննության առարկա են դարձել, թե որքանով են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրամանները նպաստել սպանություններին։ Օրինակ՝ 0038 հրամանը որևիցե ձև քրեական գործի մեջ շրջանառվո՞ւմ է, Բիշարյանը պատասխանում է «Քննության առարկա են բոլոր իրական վարկածները, ոչ երևակայական...Դատավարության մեջ հայտնի է, որ որևէ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքների պարզման համար նախ պետք է հանցագործության կատարման փաստին և հանգամանքներին վերջնական իրավական գնահատական տանք։ Ինչ վերաբերում է 0038 հրամանին, քննվող քրեական գործով նման հրաման լինելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ