01  07  2019

Չհաշվառված ԶԼՄ-ները Ռեգիստրի բազայից անվճար չեն օգտվելու․ ԱՆ

Չհաշվառված ԶԼՄ-ները Ռեգիստրի բազայից անվճար չեն օգտվելու․ ԱՆ

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:  Նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է: 

«Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով  նախատեսվող  փոփոխությամբ  որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու:

Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ,  Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ www.e-draft.am հարթակը ստեղծվել է պետական մարմինների կողմից ներկայացված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակից կարծիք ստանալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ